Բասկերը փորձում են ապացուցել իրենց հայկական ծագումը

 

Իսպանիայում Բասկերի երկրի հյուսիսում գտնվող Իրուն քաղաքում հասարակական խումբ է ստեղծվել` տեղական մասնագետների ջանքերով, հայագիտական աղբյուրների հիման վրա բասկերի էթնոգենեզն ուսումնասիրելու համար:

Հատկանշական է, որ ազգությամբ բասկ գիտնականների մեծամասնությունը վստահորեն հայտարարում է իրենց` հայերի հետ ունեցած կապերի մասին:

Ինչպես հայտնում է Allinnet.info-ն` մասնավորապես, ինտենսիվորեն նման քննարկումներ տեղի ունեցան բասկ հասարակությունում 1990-ականների սկզբին, երբ մի քանի բասկ գիտնականներ ժամանեցին Հայաստան, որպեսզի ծանոթանան հայ ժողովրդի մշակույթի և ավանդույթների մասին արժեքավոր տեղեկություններ պարունակող արխիվային տվյալներին:

Հարկ է նշել, որ որոշ հետազոտողներ կարծում են, որ բասկերը եկել են հայկական լեռնաշխարհից, ինչն, ի դեպ, նշվում է նաև բասկերի լեգենդներում:

Ինչ վերաբերում է հարցի գիտական կողմին, ապա հայկական անվանումներով և ծագմամբ հարյուրավոր տեղանուններ կարելի է գտնել բասկերի երկրում:  Ինչպես հայտնում է hayagitaran.am-ը` բասկագետ, լեզվաբան Վահան Սարգսյանի պնդմամբ` բասկերը Եվրոպայի արևմուտքում բնակվող հնագույն ժողովուրդ են, որոնք անաղարտորեն պահպանել են իրենց հայությունը: Գոյություն ունի մոտ 600 բառ բասկերենում, որ ունեն նույն նշանակությունը հայերենում, ամբողջ քերականական համակարգը և հատկապես տեղանունները և այն , որ իրենք գաղթել են Հայաստանից: Նշվում է, որ բասկերի երկրում գտնվող Իսաբա գյուղում մինչ այժմ էլ գոյություն ունի ճանապարհ ` «Էրմենիա» անվանումով:

«Ալարոդյաններ և նախաբասկեր» աշխատության մեջ, որը հրատարակվել է 1928 թ.-ին, գերմանացի հայագետ-լեզվաբան Յոզեֆ Կարստը տվել է հայերեն և բասկերեն լեզուների նմանության մասին իր պատկերացումները` նշելով, որ դրանք, ըստ էության, կարող են լինել միևնույն ճյուղի պատկանող երկու փոփոխված լեզուներ:  Նա նաև  այն կարծիքն է հայտնել, թե Հայաստանի տարածքից են դուրս եկել Կովկասից մինչև Պիրենեյներ (լեռնաշղթա հարավարևմտյան Եվրոպայում, ձևավորվել է Ֆրանսիայի և Իսպանիայի բնական սահմանների միջև) տարածված ցեղերը։