ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում ընդունված եզրափակիչ հայտարարությունը և առաջարկությունները

 

Դեկտեմբերի 19-20-ը Երևանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը:

Նիստի ավարտին ընդունվել են եզրափակիչ հայտարարություն և առաջարկություններ, որոնք հիմնվում են Գործընկերության և համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի վրա: 

Ընդունված փաստաթուղթն արտացոլում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում, համագործակցության ոլորտներն ու հետագա անելիքները:

Փաստաթուղթը մեկ անգամ ևս վերահաստատում է ԼՂ հակամարտության հարցում ԵՄ հստակ դիրքորոշումն` ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի աջակցությանը: 

Ստորև ներկայացնում ենք փաստաթղթի հայերեն տարբերակը՝ ոչ պաշտոնական թարգմանությամբ:

Եզրափակիչ հայտարարություն և առաջարկություններ

           Համաձայն Գործընկերության և համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի

2017 թվականի դեկտեմբերի 19-20-ը Երևանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) 17-րդ նիստը՝ ՀՀ Ազգային ժողովի անունից Արմեն Աշոտյանի և Եվրոպական խորհրդարանի անունից Սաջադ Քարիմի համանախագահությամբ: ՀՀ կառավարության անունից հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, Եվրոպական միության անունից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Հաշվի առնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա վիճակը՝ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը համաձայնության է եկել հետևյալ հայտարարության և առաջարկությունների շուրջ:

Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը.

1. Վկայակոչում է Եվրոպական խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի առանցքային դերը ժողովրդավարական oրինականության հիման վրա Արևելյան գործընկերության դինամիկայի զարգացման գործում:

2. Ողջունում է Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում, որը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

3. Ընդգծում է, որ այս պատմական համաձայնագիրը հիմնված է ժողովրդավարության, իրավունքի գերակայության, լավ կառավարման և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգման ոլորտում ԵՄ-ի և Հայաստանի համատեղ հանձնառության վրա: Խորապես համոզված է, որ այն հաստատուն իրավական հիմք է ստեղծում քաղաքական երկխոսության աշխուժացման համար, ընդլայնում է տնտեսական, ինչպես նաև էներգետիկայի, տրանսպորտի և բնապահպանության ոլորտներում համագործակցության շրջանակը, առևտրի և ներդրումների ոլորտում ստեղծում է հնարավորությունների նոր դաշտ և ճանապարհ է հարթում քաղաքացիների օգտին շարժունակության ակտիվացման համար: Ընդգծում է, որ ժողովրդավարության ամրապնդման համար կարևորագույն բաղադրիչները, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, դատական համակարգի միասնականացումը, հանրային և սոցիալական ինստիտուտների զարգացումը և լավ կառավարումը ընկած են նոր համաձայնագրի հիմքում:

4. Հորդորում է Եվրամիությանը և Հայաստանին հանձնառու մնալ սույն Համաձայնագրի լիարժեք և հետևողական իրականացմանը:

5. Կարեւորում է ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը, որը նոր խթան է Եվրոպական խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի միջև խորհրդարանական համագործակցության ամրապնդման համար: Ընդգծում է նոր մակարդակի խորհրդարանական համագործակցության ձևաչափ ունենալու կարևորությունը, որն ուղղված կլինի ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության խորհրդարանական բաղադրիչի ընդլայնմանը:

6. Ընդգծում է, որ երկու խորհրդարանները պետք է համապատասխան մեխանիզմներ ապահովեն խորհրդարանական վերահսկողության ուժեղացման, հասարակության իրազեկման բարձրացման և ներգրավվածության համար անհրաժեշտ գործիքներ մշակելու նպատակով:

7. Կոչ է անում Եվրամիության անդամ պետությունների ազգային խորհրդարաններին համապատասխան ժամանակացույցով վավերացնել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առանց անհարկի ուշացման:

8. Ընդգծում է, որ Արևելյան գործընկերության դինամիկան չպետք է դիտարկվի որպես գործիք, որը կստիպի Արևելյան գործընկերներին ընտրություն կատարել եվրոպական ուղու և այլ գործընկերությունների միջև: Նշում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է հեռանկարային համաձայնագիր՝ միաժամանակ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ:

9. Վկայակոչում է, որ տարբերակման սկզբունքի համաձայն, որով ուղղորդվում է Արևելյան գործընկերությունը, յուրաքանչյուր Արևելյան գործընկերոջ պետք է հնարավորություն ընձեռվի խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ համաձայն իր հավակնությունների, բարեփոխումների տեմպերի և որակի:

10. Ողջունում է Հայաստանի բարեփոխումների օրակարգում տեղի ունեցած կայուն առաջընթացը, այնուամենայնիվ, ընդգծում է վերջին տարիներին սահմանված առաջնահերթությունների ուղղությամբ հետագա աշխատանքի անհրաժեշտությունը՝ ավելի մեծ թափ հաղորդելով բարեփոխումների գործընթացին, կոռուպցիայի դեմ պայքարին, լրատվամիջոցների բազմակարծության ու ազատության ապահովմանը և փոքրամասնությունների պաշտպանությունը:

11. Վկայակոչում է, որ ԵՄ-ն 2017-2020 թվականների միասնական աջակցության շրջանակներում արդեն նախատեսել է տրամադրել 160 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն (2014-2017 թթ. ժամանակահատվածի համար 118.5 մլն եվրո դրամաշնորհի համեմատությամբ) ուղղված այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են տնտեսական զարգացումը և նորարարությունը, իրավունքի գերակայությունն ու գործարար միջավայրը, ընտրությունների աջակցությունը, փոխգործակցությունը, էներգետիկ անվտանգությունը, բնապահպանությունը և կլիմայի փոփոխությունը:

12. Կոչ է անում ավելի սերտ համագործակցություն էներգետիկ անվտանգության ու արդյունավետության բարելավման նպատակով՝ փոխկապակցվածության և ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիայի միջոցով, մասնավորապես, վերականգնվող էներգիայի ավելացմամբ և հանածո վառելիքից կախվածության նվազեցմամբ: Ընդգծում է միջուկային անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության միջազգային համաձայնագրերի և պարտավորությունների լիարժեք հարգանքի ապահովման կարևորությունը:

13. Հաշվի է առնում , որ ԵՄ օժանդակությունը պետք է արտացոլի ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ավելի ու ավելի հավակնոտ դարձող նպատակները՝ պայմանով, որ Հայաստանը համապատասխանի ներկայացվող պահանջներին, որոնք վերաբերում են ԵՄ-ի հետ համատեղ համաձայնեցված բարեփոխումներին՝ տարբերակման և ավելին՝ ավելիի դիմաց սկզբունքին համապատասխան: Քաջալերում է Եվրոպական հանձնաժողովին ընդլայնել հետագա աջակցությունը և համատեղել իր բյուջետային գործիքները Եվրոպական հարևանության գործիքը և Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամը՝ ԵՄ-Հայաստան նոր գործընկերության հավակնություններին համապատասխանելու նպատակով:

14. Շեշտում է, որ ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը խիստ պայմանավորված կլինի կոնկրետ բարեփոխումներին ուղղված քայլերով և դրանց արդյունավետ իրականացմամբ, մասնավորապես, իրավունքի գերակայության պաշտպանության, լավ կառավարման ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև լրատվամիջոցների բազմակարծության և ազատության ոլորտներում: Հիշեցնում է, որ ԵՄ-ի կողմից խրախուսման վրա հիմնված մոտեցումը նպատակ է հետապնդում աջակցել իրական, հավակնոտ բարեփոխումների մեջ առավել ներգրավված Արևելյան գործընկերներին:

15. Խրախուսում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը COSME և Հորիզոն 2020 ծրագրերին, շրջակա միջավայրի, էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի և երիտասարդության ոլորտներում Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրերին, միջսահմանային համագործակցության գործողություններում և Արևելյան բոլոր գործընկերների համար բաց նախաձեռնություններին, ինչպիսիք են Erasmus +, Erasmus Mundus, eTwinning Plus, TAIEX, SIGMA և հարևանության ներդրումային հիմնադրամը:

16. Առաջարկում է Եվրոպական հանձնաժողովին թույլ տալ Հայաստանին ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ԵՄ-ի կողմից աջակցվող ծրագրերին, որոնք բաց են ԵՄ ոչ անդամ պետությունների համար, և պայմանների բավարարման դեպքում և համապատասխան իրավական շրջանակում ճանապարհ հարթել ԵՄ գործակալություններում Հայաստանի մասնակցության համար:

17. Ողջունում է մարդկանց միջև շփումների ամրապնդմանն ուղղված ձեռքբերումները, այդ թվում` Հայաստանի և ԵՄ-ի միջև կրթության, երիտասարդության, մշակույթի և գիտության ոլորտում փոխանակումների միջոցով: Կոչ է անում ուժեղացնել ներգրավվածությունը կրթության, հետազոտությունների և նորարարական համակարգերի արդիականացման, երիտասարդների հմտությունների, ձեռներեցության և աշխատունակության բարձրացման ոլորտներում և այս կապակցությամբ ողջունում է ԵՄ-ն «Երիտասարդական նախաձառնությունների համար» ծրագրի շրջանակում ԵՄ-ի կողմից ներկայացված ուժեղացված Երիտասարդական փաթեթը:

 18. Կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին կենտրոնանալ քաղաքացիների համար ակնկալվող արդյունքների վրա, ընդգծում է, որ այս առնչությամբ 2014 թ. հունվարին ուժի մեջ մտած ԵՄ-Հայաստան վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագիրն արդեն իսկ ընթացքի մեջ է: Ակնկալում է համագործակցության ամրապնդում և հետագա խորացում շարժունակության ոլորտում՝ անվտանգ և լավ կառավարվող միջավայրում, Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի քննարկում` լավ կառավարման և անվտանգ շարժունակության պայմանների առկայության դեպքում, ներառյալ, վերոնշյալ կողմերի միջև վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի արդյունավետ իրականացումը:

19. Դրական է գնահատում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների նախաձեռնումը, որն ուղղված է համայնքային իշխանությունների դերի բարձրացմանը և որոշումների կայացման գործընթացում տեղական համայնքների հետ ավելի ամուր կապերի ձևավորմանը:

20. Ողջունում է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընդհանուր առմամբ դրական գնահատականը Հայաստանում ընթացող բարեփոխումների վերաբերյալ, որոնք ուղղված են իրավունքի գերակայության ապահովմանը, նշում են դատախազության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռնարկված միջոցները: Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, դրականորեն է նշում, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի մի շարք նախորդ առաջարկություններ ընդունվել են: Ափսոսում է սակայն, որ բազմաթիվ հարցեր, որոնք հայտնաբերվել են վերջիններիս կողմից, դեռևս սպասում են լուծման: Կոչ է անում Հայաստանի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ օրենսդրական և այլ, հարցերին լուծում տալու համար, անհրաժեշտության դեպքում ակնկալել միջազգային հանրության տեխնիկական աջակցությունը, օրինակ՝ Եվրոպական միության և, մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի կողմից:

21. Դրականորեն է անդրադառնում 2017թ. ապրիլին տեղի ունեցած ընտրություններին՝ նշելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գլխավորած դիտորդական առաքելությունը, որի մաս է կազմում Եվրոպական խորհրդարանը, պարզել է, որ հանրային լրատվաալիքը քարոզարշավի ընթացքում յուրաքանչյուր մասնակիցի համար ապահովել է արդարացի լուսաբանում, որ ընտրություններն ընդհանուր առմամբ լավ են կազմակերպվել, և հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են: Այնուամենայնիվ, ընդգծում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավարած առաքելության կողմից հայտնաբերվել են նաև թերություններ, ինչպես օրինակ՝ շարունակական ճնշումները, քվեների գնման գործընթացը և ընտրատեղամասերում կուսակցությունների ներկայացուցիչների կամ ոստիկանների անօրինական միջամտությունը:

22. Վկայակոչում է ԵՄ-Հայաստան հարաբերություններում և Արևելյան գործընկերության շրջանակում գենդերային բաղադրիչի կարևորությունը: Նշում է, որ գենդերային հավասարությունը, խտրականության բացառումը և կանանց հնարավորությունների մեծացումը 2020 թ.-ին ակնկալվող արդյունքների ցանկում են, ինչպես նշվել է 2017 թ. նոյեմբերի 24-ին կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովում: Կոչ է անում Հայաստանի իշխանություններին շարունակել ուշադրության կենտրոնում պահել այս հարցը, այդ թվում՝ գենդերային բացասական կարծրատիպերի դեմ պայքարի միջոցով, կանանց և տղամարդկանց միջև վարձատրության բացը լրացնելու եւ գենդերային հիմքով ոտնձգությունների, ահաբեկման կամ բռնության ցանկացած ձևի հանդեպ զրոյական հանդուրժողականություն հայտարարելու միջոցով:

23. Վկայակոչում է, որ միջազգային իրավապաշտպան մարմինները, ինչպիսիք են ՄԱԿ-ի CEDAW կոմիտեն, բազմաթիվ անգամ ընդգծել են գենդերային վնասակար նորմերը և պրակտիկան արմատախիլ անելու անհրաժեշտությունը և կոչ են արել Հայաստանի իշխանություններին ապահովել, որ ավանդույթները չխանգարեն կանանց իրավունքների և ներուժի իրացմանը:

 24. Ողջունում է Հայաստանի իշխանությունների հանձնառությունն ստորագրել, վավերացնել և հիմնավորապես իրականացնել Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա), խրախուսում է վերջիններիս այն անել առանց անհարկի ուշացման:

25. Ողջունում է ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության զոհերի պաշտպանության և ընտանեկան ներդաշնակության վերականգնմանն ուղղված օրենքի ընդունումը, որն առաջին անգամ հրապարակային քննարկման է ներկայացվել 2017թ. հոկտեմբերին, և առաջընթացի մեծ դրական քայլ է: Ընդգծում է, որ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել հնարավոր աջակցություն ու փորձ, որպեսզի օգնի իշխանություններին լավագույնս լուծել ընտանեկան բռնության հետ կապված բոլոր հարցերը: Ընդգծում է, որ պետք է հետևողական լինել արդյունավետ իրականացման համար, և զոհերի կարիքները միշտ պետք է առաջնահերթ լինեն:

26. Ընդգծում է ՄԱԿ-ի կոնվենցիաների և բանաձևերի սահմանած խտրականության բոլոր ձևերը հաղթահարելու և դրանք հասցեագրելու համար համապատասխան մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը:

27. Իր գոհունակությունն է հայտնում Հայաստանի իշխանություններին հայկական ծագմամբ սիրիացի փախստականներին ընդունելու և ինտեգրելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ անդամ պետություններին դրականորեն արձագանքել ինտեգրման դյուրացմանն ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից աջակցության ցանկացած խնդրանքի:

28. Ափսոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով շարունակվող մարդկային կորուստների համար: Խորապես մտահոգված է հրադադարի ռեժիմի շուրջ ձեռք բերված համաձայնության պարբերական խախտումների կապակցությամբ, որոնք շարունակաբար խլում են ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց կյանքեր՝ խոչընդոտելով ողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Ընդունում է, որ ներկայիս ստատուս քվոն ո՛չ ընդունելի է և ո՛չ էլ կայուն, և հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

29. Վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և 2009 թ. հիմնարար սկզբունքներին, ինչպես նշված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաբանում. այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների հավասար իրավունքներն և ինքնորոշման իրավունքը, և իր գոհունակությունն է հայտնում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Ընդգծում է, որ այդ ջանքերը պետք է համահունչ լինեն միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման ընդհանուր սկզբունքներին, ինչպես ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում և համապատասխան այլ բազմակողմ փաստաթղթերում, որոնք ընդգծում են հակամարտությունների խաղաղ կարգավորման համար գոյություն ունեցող համաձայնեցված ձեւաչափերի կարեւորությունը: Ընդգծում է, որ սպառազինությունների վերահսկման, վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումները մեծ նշանակություն ունեն անվտանգության, կանխատեսելիության և կայունության համար:

30. Ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից համատեղ հայտարարությունը 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Ժնևի գագաթաժողովի շրջանակում՝ կազմակերպված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Կոչ է անում երկու երկրների իշխանություններին բարեխղճորեն վարել բարձր մակարդակի բանակցություններ և հանձնառու լինել վստահության ամրապնդման իրական միջոցառումներին և վերսկսված երկխոսությանը՝ շփման գծում լարվածության նվազեցման, անվտանգության իրավիճակը կայունացնելու և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա բանակցությունների համար առավել կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար: Վերահաստատում է իր լիակատար հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչպես առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և որին աջակցում են Եվրոպական միությունը և Եվրոպական խորհրդարանը:

 31. Ողջունում է ԵՄ-ի ջանքերն ու ուժեղացված դերը հակամարտության կարգավորման և վստահության ամրապնդման գործում առկա համաձայնեցված բանակցային ձևաչափերի և գործընթացների շրջանակներում: Այս կապակցությամբ ողջունում է իր նոր նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերոհիշյալ ջանքերին՝ հակամարտության գոտում վստահության մթնոլորտի և խաղաղության ամրապնդման գործունեությանը նպաստելու և բոլոր կողմերի քաղաքացիական հասարակությունները միմյանց մերձեցնելու նպատակով:

32. Խորապես ափսոսում է, որ միջազգային հանրության կողմից լիակատար աջակցություն ստացած Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հայկական կողմի նախաձեռնությունը, որն արտացոլված է 2009 թ. Ցյուրիխյան արձանագրություններում թուրքական կողմը չի վավերացրել և դրա համար նախապայմաններ է ներկայացրել՝ շարունակելով միակողմանիորեն փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Հիշեցնում է, որ մոտենում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակը և կոչ է անում ԵՄ անդամ բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նշում է, որ վերջին տարիներին այս հարցը Թուրքիայում դարձել է բաց և հանրային քննարկումների առարկա:

 Parliament.am