Քրիստոնյա աշխարհի մի մասն այսօր նշում է Սուրբ Ծնունդը

Սուրբ Ծնունդը քրիստոնեական ամենակարևոր տոներից է, որը սահմանվել է ի հիշատակ Բեթղեհեմում Հիսուս Քրիստոսի ծննդի: Սուրբ Ծնունդը պետական տոն է համարվում աշխարհի ավելի քան 130 երկրներում: Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծնունդը նշում են ոչ միայն աշխարհի կաթոլիկներ և բողոքականները, այլ նաև որոշ երկրների ուղղափառներ: Այսպես, աշխարհի 11 Ուղղափառ եկեղեցիներ, այդ թվում` Անտիոքի, Ալեքսանդրիայի, Կիպրոսի, Բուլղարիայի, Ռումինիայի և հունական եկեղեցիները, Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 24-ից 25-ի գիշերը, քանի որ նրանք օգտվում են «նորհուլյանական» օրացույցից, որը մինչև 2800 թվականը ամբողջությամբ կհամապատասխանի Գրիգորյանականին:

Նշենք, որ մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության, Մկրտության օր:

Սուրբ Ծննդյան տոնակատարությունը կաթոլիկների մոտ տևում է ութ օր` դեկտեմբերի 25-ից հունվարի 1-ը: Սուրբ Ծնունդի նախորդ օրը հավատացյալները պահք են պահում: Դեկտեմբերի 24-ին բոլորն ուտում են միայն «սոչիվո» ուտեստը, որը պատրաստում են ցորենով կամ գարով՝ եփելով այն մեղրով ջրի մեջ։ Ավանդույթի համաձայն` պասն ավարտվում է, երբ երկնքում առաջին երեկոյան աստղն է նշմարվում, ինչը համարվում է Հիսուսի ծննդյան ավետիսը: Այդ պահին էլ սկսվում է Սուրբ Ծննդյան տոնը: Նույնիսկ այն կաթոլիկները, ովքեր տարվա ընթացքում շատ հազվադեպ են եկեղեցի գնում, այդ օրը անպայման ներկա են գտնվում սուրբծննդյան պատարագին, որի ընթացքում կարդում են հատվածներ Հին Կտակարանից և հիշում աստվածաշնչյան շատ դեպքեր։

Այս տոնին ընդունված է հավաքվել տոնական սեղանի շուրջ ողջ ընտանիքով: Տոնական սեղանի ճաշացանկը տարբեր ժողովուրդների մոտ տարբեր է: Հատկանշական է, որ Սուրբ Ծնունդի սեղանի մեկ աթոռը պետք է ազատ լինի հնարավոր հյուրերի համար:

Սուրբծննդյան տոնակատարություններում եկեղեցական և ժողովրդական ավանդույթները համահունչ կերպով միաձուլվել են և փոխանցվում են սերնդեսերունդ: Այսպես, 13-րդ դարում ձևավորվեց ավանդույթ եկեղեցիներում խոնարհման համար օրորոցներ տեղադրել ՝ դրանցում դնելով նորածին Հիսուսի փոքրիկ արձանիկ: Ժամանակի ընթացքում այդ ավանդույթը դարձավ ժողովրդական և բացի նորածին Հիսուսից դրվում են նաև Մարիամ Աստվածածնի, Հովսեփի, հրեշտակների և հովիվների արձանիկներ:

Տոնական տրամադրություն ապահովող մյուս ատրիբուտը սուբծծնդյան  զարդարված եղևնին է: Այդ ավանդույթը ծագել է 16-րդ դարում Գերմանիայում և հետագայում մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում: Նշենք, որ եղևնին համարվել է կյանքի և պտղաբերության խորհրդանիշ:

Ավետարանական պատմությունն այն մասին, որ Մանուկ Հիսուսին երկրպագելու եկած մոգերը նրան ոսկի, կնդրուկ և զմուռս ընծայեցին, նոր ավանդույթ արմատավորեց. Ծննդյան տոներին մարդիկ սկսեցին երեխաներին և միմյանց նվերներ տալ:

Ավելացնենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին, հետևելով հնագույն ավանդության և ավետարանական հաշվարկներին, Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: