Երուսաղեմի հայ թագուհիները. ինչպե ՞ս են նրանք գահը փոխանցել սերնդեսերունդ

Գաղտնիք չէ, որ Կիլիկիայի հայկական թագավորությունը կարևոր նշանակություն է ունեցել խաչակրաց արշավանքների համար: Խաչակիրները գուցե ավելի մեծ ընդունելություն են գտել Հայաստանում, քան որևէ այլ վայրում: Հռոմի պապ Գրիգոր XIII-ն այս մասին վկայում է. « Հայ ժողովրդի կողմից կատարված բարի գործերից մեկը եկեղեցու և քրիստոնեական աշխարհի նկատմամբ այն է, որ երբ քրիստոնյա իշխաններն ու ռազմիկները գնացել էին վերադարձնելու Սուրբ երկիրը, ոչ մի ժողովուրդ նույնքան խանդավառությամբ, հավատով ու ոգևորված չէր գալիս նրանց օգնության, ինչպես հայերը, որոնք օգնում էին խաչակիրներին ձիերով, պարենով և ուղղորդմամբ: Հայերը Սուրբ պատերազմների ժամանակ օգնում էին այս ռազմիկներին իրենց քաջությամբ ու նվիրվածությամբ»:

Այնուամենայնիվ, շատ ավելի հետաքրքիր է այն փաստը, որ Երուսաղեմի թագավորության 200-ամյա գոյության ընթացքում թագուհիներից շատերը հայկական ծագում են ունեցել: Փաստացի հինգ թագուհիները և վեց թագավորների կանանցից 4-ը հայկական արմատներ ունեին՝ լրիվ կամ մասնակիորեն: Նրանցից շատերը երկրի պատմության մեջ զգալի դեր են ունեցել որպես թագաժառանգների խնամակալներ, ինչպես նաև մեծ ազդեցություն են ունեցել իրենց ամուսինների վրա:

Արդա (12-րդ դար)

Արդան հայ ազնվական Մարաշի Թաթուլի (կամ Թորոս) դուստրն էր և Երուսաղեմի առաջին թագավորի կինը Քրիստոսից հետո 1100-ից մինչև 1105 թթ: Նրա իրական անունն արդի աղբյուրներում չի նշվում, սական XVII դարից սկսած նրան ավանդաբար կոչում էին Արդա: Նա ամուսնացած էր Երուսաղեմի թագավոր Բալդուին I Բուլոնցու հետ (Առաջին Խաչակրաց արշավանքների առաջնորդներից մեկը), ով Արդայի հոր աջակցությամբ դարձել էր Եդեսիայի (Ուրֆա, Ուրհա) առաջին կոմս: (Տիգրան Բ-ի օրոք (95-56 թ մ.թ.ա.) Ուրֆան միացվել է հայկական պետությանը, սակայն հայկական պետության կազմում երկարատև չի մնում՝ 60-ական թթ. (մ.թա) այն անցնում է Հռոմին)։

Երբ խաչակիրներն առաջին անգամ Գոտֆրիդ Բուլոնցու գլխավորությամբ գրավեցին Երուսաղեմը, Բալդուինը դարձավ թագավոր, իսկ Արդան` Երուսաղեմի առաջին թագուհին:

Մորֆիա Մալաթիացի (? – 1126)

Մորֆիան Մալաթիայի (հնում` Մալատեյա) ղեկավար Գաբրիել իշխանի (կամ Խորիլ) դուստրն էր: Նա ամուսնացել է խաչակիր Բալդուին II-ի հետ, որը 1100 թ.-ից հետո դարձել է Եդեսիայի կոմս: Բալդուինն ու Մորֆիան 4 դուստր ունեին՝ Մելիսինդան, Ալիսան, Գոդիեռնան և Իովետան: Այս ընտանիքն ապրում էր Եդեսիայում մինչև 1118 թ.-ը, երբ ամուսինն ընտրվում է Երուսաղեմի թագավոր որպես իր զարմիկ Բալդուինի իրավահաջորդ: Կան տեղեկություններ, որ Բալդուին II-ը շատ է սիրել կնոջն ու ի նշան այդ սիրո հետաձգել է իր թագադրումը մինչև 1119 թ. սուրբծննդյան տոները, որպեսզի իր կինն ու երեխաները հասնեն Երուսաղեմ և Մորֆիան թագադրվեր նրա հետ միասին որպես թագուհի: Իր հերթին Մորֆիան չէր խառնվում Երուսաղեմի ներքաղաքական առօրյա հարցերին, սակայն հարկ եղած դեպքում լիովին ցույց էր տալիս իր վրա պատասխանատվություն վերցնելու ունակությունները: Երբ 1123 թ. արշավանքներից մեկի ժամանակ Բալդուինին առևանգում են, Մորֆիան հայ վարձկանների միջոցով բացահայտում է այն վայրը, որտեղ գերության մեջ էր պահվում իր ամուսինը, իսկ 1124 թ. անձամբ է բանակցություններ վարում առևանգողների հետ ամուսնուն ազատ արձակելու պայմանների շուրջ` անձամբ հասնելով անգամ Սիրիա:  Ի վերջո Բալդուինին փրկում են հիսուն հայ զինվորներ, որոնք ներկայանում են որպես առևտրականներ ու այդ կերպ մտնում բերդ: Նրանց հաջողվում է սպանել պահակներին ու ազատել պատանդներին:

Մելիսինդա (1105 -1161)

Մելիսինդան վերը նշված հայ թագուհի Մորֆիայի ու Բոլդուին II-ի ավագ դուստրն էր: Նա ամուսնացավ հայտնի հարուստ խաչակիր և ռազմական հրամանատար Անժուի դուքս Ֆուլկինի հետ և 1130 թ. նրանից որդի ունեցավ ՝ ապագա թագաժառանգ Բոլդուին III-ին : Որոշ պատմաբանների պնդմամբ, Ֆուլկինն իր հարստությամբ, կապերով ու ազդեցությամբ այնքան հզոր էր, որքան այդ ժամանակվա Ֆրանսիայի թագավորը: Ուստի` նրա հեղինակությունն ու հարստությունը Մելիսինդայի հորը ստիպեցին մի փոքր զգուշանալ իր ժառանգի ապագայի հարցում, և նա համոզվեց, որ իրենից հետո որպես Երուսաղեմի թագուհի կկառավարի իր դուստրը: Բալդուին II-ը թագադրման հանդիսավոր արարողություն կատարեց ՝ ներդնելով դստեր, փեսայի և թոռան կողմից թագավորության միասնական կառավարում: Այդպիսով ամրապնդելով իր դիրքերը՝ Բալդուին II-ն իր դստերը նշանակեց թոռան միակ խնամակալ: Երբ հաջորդ տարին Բալդուին II-ը մահացավ, Ֆուլկինն ու Մելիսինդան գահին նստեցին որպես միասնաբար կառավարողներ:

 Ագնես (1136 -1184 )

Ագնես թագուհին հայ Բեատրիս արքայադստեր (Կիլիկիայի թագավոր Կոնստանտին Առաջինի դուստրը) թոռնուհին էր: Նա Երուսաղեմի թագուհի դարձավ վերը նշված Մելիսինդա թագուհու որդու հետ ամուսնությունից հետո: Ագնեսը վաղ տարիքում, , ամուսնացած է եղել մարաշցի Ռեյնալդի հետ, սակայն վերջինս զոհվել էր Ինաբի ճակատամարտում 1149-ին:  Ագնեսն այդ ժամանակ դեռ 15 տարեկան չկար: Նա երկրորդ անգամ էլ էր նշանադրվել, սակայն այս անգամ էլ ապագա ամուսնուն առևանգել էին 1157թ.-ին մահմեդականների դեմ կռիվներում: 1157 թ. Բալդուին III-ի եղբայրը՝ գահաժառանգ Ամարլիկն ամուսնացավ Ագնեսի հետ, որոշ աղբյուրների համաձայն, առևանգելով նրան: Ագնեսը նրան երեք զավակ պարգևեց: Սակայն երրորդ զավակը փոքր տարիքում մահացավ: Ագնեսն ու Ամարլիկն իրենց տունը կառուցեցին թագավորական արքունիքում: Շուտով, սակայն, նրանց ամուսնությունն անվավեր ճանաչվեց, քանի որ պարզվեց, որ Ամարլիկն ու Ագնեսը նույն պապի ժառանգներ են, այսինքն՝ կապված էին բարեկամական կապով, որը դեմ է քրիստոնեական ավանդույթներին: Այսուհանդերձ, նրա երեխաները մնացին որպես գահաժառանգներ: Ամարլիկն այնուհետև ամուսնացավ հայկական արմատներով մեկ այլ աղջկա՝ Մարիայի հետ: Ագնեսը չորրորդ անգամ ամուսնացավ, իսկ 1184 թ. մահացավ Ջաֆֆայի իր ամրոցում:

Մարիա (1154 -1217)

Մարիան Կիպրոսի բյուզանդական ռազմական կառավարչի ու Տարոնի հայկական հնագույն թագավորների ժառանգ Մարիա Տարոնիտիսսայի դուստրն էր: Նա ամուսնացավ Երուսաղեմի թագավոր Ամարլիկի հետ այն ժամանակ, երբ չեղյալ համարվեց Ագնեսի ու Ամարլիկի ամուսնությունը:

Ամարլիկը մահացավ 1174 թ.-ին, իսկ Մարիան դարձավ այրի թագուհի: Հետագայում Մարիան կրկին ամուսնացավ Սալադինի դեմ Երուսաղեմի պաշտպանությունը ղեկավարած Բալիանի հետ, որից չորս երեխա ունեցավ:

Սիբիլա (1160 -1190)

Սիբիլան վերը հիշատակված Ամարլիկ թագավորի ու առաջին կնոջ՝ Ագնեսի դուստրն էր: Ուստի` նրա մեջ հոսում էր հայկական արյուն՝ թե՛ հայրական, թե՛ մայրական կողմից: Նա ամուսնացավ Վիլյամ Լոնգսվորդի՝ Մարկես Վիլյամ V-ի ավագ որդու ու Ֆրանսիայի Լուի V-ի զարմիկի հետ: Սակայն ամուսնությունից մեկ տարի հետո  Վիլյամը մահացավ՝ թողնելով Սիբիլային հղի: Արքայատոհմի ավանդույթներով Սիբիլան որդուն Բալդուին կոչեց: Սիբիլան երկրորդ անգամ ամուսնացավ միայն 1180 թ.-ին Լուսինյան արքայատոհմից`  Գայի հետ, որից երկու դուստր ունեցավ: Նա որպես թագուհի ձեռնադրվեց ու կառավարում էր միայնակ: Թագադրվելուց առաջ Սիբիլան ընդդիմադիր դատարանի անդամներին հաճոյանալու համար համաձայնեց չեղյալ համարել իր երկրորդ ամուսնությունը, քանի դեռ դատարանը չի թույլատրել իրեն ընտրել հաջորդ ամուսնուն: Ընդդիմադիրները հանաձայնեցին, ու նա սկսեց կառավարել, բայց ի զարմանս նրանց, թագուհի դառնալուց անմիջապես հետո Սիբիլան հայտարարեց, որ ընտրել է որպես ամուսին Գային ու թագադրեց նրան:

 Իզաբելա I-ին

 Իզաբելան վերը նշված հայազգի Մարիայի և Ամարլիկ թագավորի դուստրն էր: Նրա հայկական ծագումը նկատելի է թե՛ հայրական, թե՛ մայրական կողմից: Նա տարբեր ամուսիններից 7 զավակ ունեցավ: Իզաբելան Երուսաղեմի իշխող թագուհին էր 1190 թվականից մինչև իր մահը: 4 ամուuնությունների արդյունքում հաջորդաբար դարձավ Տորոնի տիկին, Մոնֆերատի մարքիզուհի, դքսուհի և Կիպրոսի թագուհի:

1180 թվականին, երբ Իզաբելան 8 տարեկան էր, իր խորթ եղբոր՝ Բալդվին IV-ի հրամանով նշանվում է Տորոնի Համֆրի IV-ի հետ որպես պարտքի հատուցում: Նրանք ամուսնացան 1183 թ.-ին, երբ Համֆրին 16 կամ 17 տարեկան էր, իսկ Իզաբելան` 11: Իզաբելայի մտերիմները` հատկապես մայրը, գիտակցում էին, որ նրան վստահելի թագավոր է պետք, և դա իր ներկայիս ամուսինը չէր: Երկարատև քաղաքական ճնշումների արդյունքում նրանց ամուսնությունը չեղյալ է համարվում, և Իզաբելան ամուսնանում է Մոնֆերատի Կոնրադի հետ, որը ձգտում էր դառնալ գահակիր: Կոնրադն ավելի ուշ դանակահարվում է Հաշշաշինի կողմից (մահմեդական մարդասպանների գաղտնի հրահանգով) և մահանում: Իզաբելան արդեն սպասում էր առաջնեկին՝ Մարիա Մոնֆերատին, որը հետագայում հաջորդում է իր մորը որպես թագուհի:

Մարիա Մոնֆերատ

Մարիա Մոնֆերատը կամ Երուսաղեմի Մարիան Իզաբելա թագուհու և Կոնրադի դուստրն էր: Մարիան դարձավ Երուսաղեմի թագուհի ընդամենը 13 տարեկանում՝ Իզաբելայի մահից հետո: Նրա մոր խորթ եղբայրը՝ Ջոնը, որը Բեյրութի լորդն էր որպես Մարիայի խնամակալ կառավարում էր Մարիայի անունից: Սակայն խնամակալության ժամկետը լրացավ 1209 թ.-ին, երբ Մարիան դարձավ 17 տարեկան, կառավարությունը համարեց, որ ժամանակն է` Մարիան ամուսնանա պահպանելու իր գահի անվտանգությունը: Բարոնների ու հոգևորականների ժողովը դիմեց Ֆրանսիայի Ֆիլիպ II-ին, ով առաջարկեց Մարիային ամուսնացնել իր հետևորդներից Ջոն Բրիեննի հետ: Ջոնը հարուստ չէր: Նրա անհաջողությունները հաղթահարելու և դատարանն ու բանակը ֆինանսավորելու համար Ֆիլիպ թագավորն ու Ինոկենտիոս Երրորդ պապը յուրաքնաչյուրը  նրան վճարեց  40.000 լիվր: Նրանք ամուսնացան 1210 թ.-ին:Մարիան ունեցավ մեկ դուստր՝ Իզաբելային, սակայն ծննդաբերության բարդությունների հետևանքով մահացավ: Ջոնը պահպանեց թագը, բայց միայն որպես խնամակալ:

Իզաբելա Երկրորդ

Իզաբելան ծնվել էր Անդրիայում`Սիցիլիայի հարավային իտալական Թագավորությունում : Քանի որ նրա մայրը` Մարիան, ծննդաբերությունից օրեր անց մահացել էր, իսկ հայրը գահի նկատմամբ պահանջներ չուներ, կառավարում էր ընդամենը որպես խնամակալ, Իզաբելան հռչակվեց Երուսաղեմի թագուհի, երբ մի քանի օրական էր: Իզաբելան ամուսնացավ Գերմանիայի և Սիցիլիայի թագավոր Ֆրեդերիկ II-ի հետ: Նոր թագադրված թագուհին իր հոր հետ Իտալիա ժամանեց Ֆրեդերիկ II-ի ուղարկած 20 մակույկներով և ամուսնացավ նրա հետ Բրինդիսի տաճարում 1225 թ. նոյեմբերի 9-ին: Արարողության ժամանակ Ֆրեդերիկն ինքն իրեն հայտարարեց Երուսաղեմի արքա, ապա այնպես արեց, որ իր նոր աներ Բրիեննի Ջոնը՝ Երուսաղեմի կառավարիչը, անմիջապես վտարվի և նրա իրավունքները փոխանցվեն իրեն:

Երուսաղեմի նորաթուխ արքա Ֆրեդերիկ II-ը հետաձգեց իր խաչակրաց արշավանքը, իսկ 1227 թ.-ին Հռոմի պապ Գրիգորի IX-ը նրան վտարեց` արշավանքի խոստումը դրժելու համար: Հարսանյաց հանդիսությունից հետո Իզաբելան մեկուսացված էր ամուսնու կողմից: 1226 թ.-ին նա լույս աշխարհ բերեց իր առաջնեկին`դստերը, որը մահացավ 1227-ին: Որոշ ժամանակ անց Անդրիայում մահացավ նաև Իզաբելան` երկրորդ երեխային` Կոնրադին ունենալուց հետո` 1228 թ.-ին: Նա թաղված է Անդրիայի տաճարում:

Աղբյուրը` Peopleofar.com