Ի՞նչ կապ ունեին արևելքից Հիսուսին երկրպագելու եկած մոգերը Հայաստանի հետ

Նկարը` Allinnet.info` գտնվում է Նոր Ջուղայի (Իրան) հայկական ձեռագրերի պատմական գրադարանում

Հիսուսի ծննդյան մասին շատերս ենք կարդացել Աստվածաշնչից, բայց հայորդիներից քչերն են տեղյակ, որ Հայ ազգը սերտ կապեր ունի Հիսուսի ծննդյան ժամանակների հետ:

Քրիստոնեական աշխարհը երեք մոգերի մասին գիտի որպես մանուկ Հիսուսի ծննդավայր՝ Բեթղեհեմ այցելած իմաստունների, բայց քչերս գիտենք, որ նրանք անմիջական կապ են ունեցել Հայաստանի հետ։

Ինչպես գիտենք` պատմական Հայաստանը նախկինում մերձ էր Հրեաստանի հետ, մանավանդ Աբգար թագավորի ժամանակ: Եվ հենց նրա թագավորության երկրորդ տարում ծնվեց Տերը: Ըստ Վարդան Արևելցու` Աբգարն առաջիններից մեկն էր, որ իմանում է այդ մասին, քանի որ նրա օրոք ավետարանական երեք մոգերը՝ պարսիկ Մելքոնը, հնդիկ Գասպարը և արաբ Բաղդասարը, 12.000 հեծյալներով Հայաստանով անցնում էին դեպի Հրեաստան: Բայց լսելով, որ Պաղեստինում սով է, զորքը թողնում են Աբգար թագավորի մոտ, իսկ իրենք տասներկու իշխաններով ու հազար հեծյալով գնում են՝ իրենց հետ տանելով ոսկի, կնդրուկ և զմուռս, որոնք, ըստ Ավետարանի, Բեթղեհեմում ընծայեցին մանուկ Հիսուսին: Այդ բերված ընծաներն իրենց հոգևոր խորհուրդն ունեին, քանզի ոսկին թագավորներին են մատուցում, ինչը խորհրդանշում է Հիսուսին որպես թագավորների Թագավորի։ Կնդրուկը դա խնկի ամենաանուշահոտ տեսակն է, ինչը խորհրդանշում է Հիսուսին` որպես երկնային քահանայապետի, և վերջապես զմուռսը, անուշահոտ մի նյութ է, որով պատում են մահացածների մարմինը, ինչը արդեն խորհրդանշում է Հիսուսի մահը։

Ավետարանում նաև ասվում է, որ մոգերը մանուկ Հիսուսին երկրպագելուց հետո մեկ այլ ճանապարհով վերադառնում են իրենց երկրները։ Իսկ հայոց ավանդությունն ասում է, որ նրանք վերադարձին նորից Հայաստան են գալիս, որտեղից ետ գնալիս անցնում են մեր պատմական մի գավառով, որի անունը հետագայում անվանվում է Մոկս կամ Մոկաց։ Իսկ Մոկաց անունը մնացել է նույն մոգ բառից, որովհետև մոգերից մեկը՝ Գասպարը հիվանդանում է, մահանում է և թաղվում այնտեղ։ Հետագայում նրա գերեզմանի վրա Ամենափրկիչ անունով մի եկեղեցի են կառուցում։ Իսկ Ամենափրկիչը հենց Ինքը՝ Հիսուս Տերն է, որին երկրպագելու էին գնացել երեք մոգերը։

 

Աղբյուրը` Irates.am