Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Եվրոպային մասնակցել Չինաստանի «Մետաքսի ճանապարհը» նախագծին

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը կոչ է արել  Եվրոպային մասնակցել Չինաստանի «Մետաքսի ճանապարհը» լայնամասշտաբ ծրագրին` նշելով, սակայն, որ երկու կողմերի համար էլ այն պետք է ընդունելի լինի:  Այս մասին հաղորդում է The Daily Mail պարբերականը:

Չինաստան կատարած պետական այցի ընթացքում Մակրոնը ԱՄՆ-ի՝ Փարիզյան համաձայնությունից դուրս գալու որոշման նախաշեմին նաև կոչ է արել Եվրոպային և Չինաստանին միավորվել կլիմայի փոփոխության դեմ պայքարում: «Մեր ճակատագրերը կապված են միմյանց հետ», – Մետաքսի ճանապարհի մեկնարկային կետ՝ Սիան քաղաք, այցելության ժամանակ չին-ֆրանսիական հարաբերությունների ապագայի մասին իր ելույթում նշել է Ֆրանսիայի նախագահը:

«Ապագան Ֆրանսիայի, Եվրոպայի և Չինաստանի կարիքը ունի», – հավելել է նա:

Նշենք, որ «Մետաքսի ճանապարհը» 1 տրիլիոն դոլար արժողությամբ տրանսպորտային  նախագիծ է, որը պետք է Չինաստանը միացնի Եվրոպայի երկրների հետ: