Հայ-թուրքական առնչություններն ու Ցեղասպանության ճանաչման գործընթացը 2017թ-ին

 

2017թ-ին հայ-թուրքական առնչություններում որևէ դրական զարգացում չգրանցվեց: Հայ-թուրքական սահմանը դեռևս մնում է փակ, հանրությունների միջև երկխոսությունն էլ սահմանափակ՝ հաշվի առնելով Թուրքիայի իշխանությունների վարած բավականին կոշտ քաղաքականությունը հայերի հետ համագործակցող ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ: Գյուլենականների դեմ իրականացվող արշավի շրջանակներում Թուրքիայի իշխանությունները ձերբակալություններ են իրականացնում այդ թվում այն գործիչների, ակտիվիստների շրջանում, ովքեր ունեն հայամետ դիրքորոշում: Ընդամենը վերջերս հայտարարվեց, որ գյուլենականների գործով ձերբակալված երկու մտավորականներին՝ Մեհմեդ Ալթան և Նազըլը Ըլըջաք, ովքեր Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ կողմնակիցներից են, ցմահ ազատազրկում է սպառնում:

Ինչևէ, հայ-թուրքական առնչությունների համատեքստում 2017թ-ի ամենաուշագրավ զարգացումը Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովի և ՄԱԿ ԳԱ-ում  հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն էր:

Համահայկական համաժողովի ժամանակ նախագահը նշեց, որ Թուրքիան փորձում է Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններով, իսկ ՄԱԿ ԳԱ ամբիոնից էլ պաշտոնապես հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ մինչև 2018թ. գարուն որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը դրանք հայտարարելու է առ ոչինչ: Նման կերպ ՀՀ նախագահն Անկարային հստակ ասաց, որ «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը»:

Պաշտոնական Անկարան Սերժ Սարգսյանի այս հայտարարությանն ուղղակի կերպով չարձագանքեց: Ավելի ուշ, Թուրքիայի նախագահ Էրդողանը, տարածաշրջանային տնտեսական նախագծերի մասին խոսելիս, հայտարարեց, թե Երևանը շարունակում է փակ պահել Թուրքիայի հետ բարեկամության դռները, ինչի «արդյունքում՝ Հայաստանը դուրս է մղվել տարածաշրջանում տրանսպորտային, առևտրային և էներգետիկ նախագծերից»: Էրդողանը նման հայտարարություն արեց չնայած նրան, որ 2009 թվականին հենց Թուրքիան տապալեց Հայաստանի նախաձեռնած «Ֆուտբոլային դիվանագիտությունը» և Ցյուրիխյան գործընթացը՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Իսկ արդեն տարվա վերջում Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն պաշտոնապես հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի, քանի դեռ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները, կապված Ղարաբաղյան հիմնահարցի հետ, չեն կատարվել: Ավելին, նա նշեց, իբրև թե Անկարան Երևանի հետ արձանագրությունները ստորագրել է արդեն իսկ նախապայաններով: Իսկ սա ոչ այլ ինչ է, քան իրականության խեղաթյուրում: 

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, ապա 2017թ-ն այս առումով չենք կարող համարել շատ արդյունավետ: Ցեղասպանությունը ԱՄՆ նահանգներից ճանաչել են Ուայոմինգը, Տեխասը, Այովան և Ինդիանան՝ այդպիսով Ցեղասպանությունը ճանաչած նահանգների թիվը դարձավ 48: 2017թ-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Իսպանիայի Սաբադել քաղաքը, Իտալիայի Տոլֆա քաղաքը:

Առավել ուշագրավ էր Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որում նշվում է, որ «Չեխիայի խորհդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է  Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների և սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝  հայերի ցեղասպանությունը  և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում»:

Ամփոփելով, նշենք, որ 2017թ-ը Ցեղասպանության ճանաչման գործընթացի համատեքստում այդքան էլ ակտիվ չի եղել և անհրաժեշտ է, որպեսզի 2018թ-ին առավել ակտիվ քայլեր ձեռնարկվեն ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և փոխհատուցման ուղղությամբ,  այլև հետամուտ լինենք Ցեղասպանությունը վերապրածների ժառանգների խախտված իրավունքների վերականգնմանը:  

Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա առնվազն այս փուլում որևէ դրական զարգացման ակնկալիք ունենալը պարզապես իրատեսական չէ և ամենայն հավանականությամբ, Թուրքիայի հետ քաղաքական երկխոսություն հաստատելու համար, Հայաստանը կսպասի Թուրքիայում առավել ժողովրդավար, չբարդույթավորված և պատասխանատու իշխանության:

Armedia.am