ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԱՐՀԱՄԱՐՀԵԼ Է ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԸ

Եվրահանձնաժողովը մտադիր չէ մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վիրավորական որակումները Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հասցեին, քանի որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի օրինական նախագահ:

Բրյուսելում Ինտերֆաքս գործակալության հետ զրույցում ԵՄ աղբյուրն ասել է հետևյալը. «Մենք նրան չենք ճանաչում որպես ժողովրդավարական ընտրություններով ընտրված նախագահ: Եվրահանձնաժողովում չեն մեկնաբանում սովորական քաղաքացիների հայտարարությունները»:

Նշենք, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով Չեռնոբիլի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին իր բացակայությունը, քննդատության էր ենթարկել թե’ Ուկրաինայի իշխանություններին, թե’ Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուին, ով իբր զգուշացրել էր Յանուկովիչին, թե չի մասնակցի միջոցառումներին, եթե հրավիրվածների թվում լինի Բելառուսի նախագահը:

«Ինչ վերաբերում է այնպիսի այծերի, ինչպիսիք Բարոզուն ու այլոք են, ովքե՞ր են նրանք: Գիտեմ կար մի Բարոզու Պորտուգալիայում, որտեղից նրան վտարեցին ու գործ տվեցին Եվրահանձնաժողովում: Ես ամենաքիչն եմ հետևում նրանց», – ասել էր Լուկաշենկոն:

28.04.2011

Աղբյուր` panorama.am