Մերկելին կհաջողվի՞ մնալ կանցլեր. մեկնաբանում է գերմանացի փորձագետը

 

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Գերմանիայում կայացած կոալիցիոն բանակցությունների վերաբերյալ՝ Դրեզդենի Տեխնիկական համալսարանի՝ աջակողմյան ծայրահեղականության գծով փորձագետ Վեռներ Ջ. Պատցելտի հետ:

 

- Պարո՛ն Պատցելտ, Մերկելի պահպանողականներն ու Սոցիալ-դեմոկրատները նախնական համաձայնության են եկել: Ի՞նչ է դա նշանակում:
- Ուրբաթ օրը Մերկելի կուսակցությունն ու Սոցիալ-դեմոկրատները համաձայնել են մի թղթի շուրջ, որը հիմք է տալիս կոալիցիայի վերաբերյալ հնարավոր բանակցությունների համար: Փաստաթուղթն արդեն հրապարակվել է` 28 էջ, որում ամրագրված են քրիստոնյա-դեմոկրատական ​​միության դիրքորոշումների մեծ մասը: Իմ կարծիքով՝ Սոցիալ-դեմոկրատները լուրջ դժվարություններ կունենան բանակցություններն ավարտին հասցելու համար կոնսենսուս ապահովելու հարցում:
Այժմ առաջին փուլն ավարտվեց: Գլխավոր քաղաքական գործիչները համաձայնել են, որ փաստաթուղթը բավականին մոտ է նրան, ինչ քրիստոնյա դեմոկրատները պահանջել են նախկինում և նույնիսկ նրան, ինչ պահանջել է AFD-ն: Բաց է մնում այն հարցը, թե արդյոք Սոցիալ-դեմոկրատական ​​հիմնական կազմակերպությունները կճանաչեն այս փաստաթուղթը:
 - Որո՞նք են հիմնական խնդիրները:
- Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության անդամները պետք է համաձայնեցնեն փախստականների խնդիրը. բանակցող կողմերը նույնիսկ համաձայնեցրել են այն ապահով պետությունների ցանկը, որտեղ ապաստան հայցողները հեշտությամբ կարող են հետ վերադառնալ: Սա հենց այն է, ինչ ԱՖԴ-ն երեք տարի շարունակ պահանջել է, և ներկայումս սոցիալ-դեմոկրատները վերջապես հանձնվել են: Սա, կարծես թե, ամենադժվար հարցն է, և դեռևս պարզ չէ, թե արդյոք ՍԴ-ի կազմակերպությունները կհամաձայնեն այս կարգավորումներին:
- Եթե ենթադրենք, որ Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության կազմակերպությունները համաձայն են, կարո՞ղ ենք ասել, որ Մերկելի վարած քաղաքականությունը հիմնականում կպահպանվի: 
- Հատկապես ներգաղթի հարցերում զգալի փոփոխություններ կլինեն: Այդ փոփոխությունները շրջադարձային կլինեն: Համաձայնեցված է, որ կլինի ներգաղթի վերին շեմ, ինչպես նաև այն, որ ներգաղթի հարցը պետք է լուծվի գերմանական հասարակության կարիքները հաշվի առնելով, այլ ոչ թե ընդհակառակը: