Ադրբեջանի արտգործնախարարի կոչը` արգելել Արցախի քաղաքացիների մուտքը Ֆրանսիա իրավազոր չէ. Արցախի ԱԳՆ խոսնակ

Լուսանկարը` ArmTimes

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի կոչը ֆրանսիական կառավարությանը՝ խոչընդոտելու Արցախի քաղաքացիների այցերին, ոչ իրավազոր է և հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, մասնավորապես, ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարում։ Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանարապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Ֆրանսիայի կառավարությանն ուղղված կոչը՝ չթույլատրել Արցախի քաղաքացիների մուտքն այդ երկիր։

«Ընդհանուր առմամբ, պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում, երբ մի երկիր, որտեղ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների համաձայն, մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը վատթարագույններից մեկն է աշխարհում, փորձում է իր ստանդարտներն արտահանել այլ երկրներ»,- ասել է Ա. Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների անհատական և հավաքական իրավունքները հերքելու Ադրբեջանի քաղաքականությունն Արցախի մեկուսացմանն ու առճակատման շարունակմանն ուղղված Ադրբեջանի ընդհանուր ռազմավարության առանցքային բաղկացուցիչներից մեկն է, ինչը հակասում է հակամարտության կարգավորման տրամաբանությանը, որը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և դրանց պահպանման վրա։