Ինչո՞ւ է Իսրայելում կրկին ակտիվացել Հայոց ցեղասպանության ճանաչման թեման

 

Լուսանկարը` z1portal.com

Վերջին շրջանում Իսրայելում կրկին ակտիվացել է Հայոց ցեղասպանության ճանաչման թեման: Այսպես, Հրեա ուսանողների համաշխարհային միությունը Իսրայելում դեկտեմբերի 28-ից հունվարի 1-ը անցկացված Համաշխարհային 44-րդ կոնգրեսի ընթացքում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նշվում է, որ սա կարևոր քայլ է միության համար և հանդիսանում է ռասիզմի բոլոր դրսևորումների դեմ միության տարած պայքարի ևս մի օրինակ:

Դեկտեմբերին իսրայելցի փաստաբան Էիթայ Մաքը և Հայոց ցեղասպանությունը ճանաչած գիտնական Յաիր Աուրոնն երկրի արտաքին գործերի նախարարությունից պահանջել էին տվյալներ տրամադրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ առկա հնարավոր համաձայնությունների վերաբերյալ:

Նշենք, որ Իսրայելը պարբերաբար Հայոց ցեղասպանության թեման օգտագործում է Թուրքիայից զիջումներ ստանալու համար: Իսրայելում թեմայի հերթական բարձրաձայնման պատճառը թերևս ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ Անկարայի ձեռնարկած քայլերն են: Թուրքիան ավելի բացասաբար է ընդունել այս փաստը, քան շատ արաբական երկրներ, և ստանձնել է այս հարցում պաղեստինցիների իրավունքների պաշտպանի դերը, ինչը բնականաբար դուր չի գալիս Թել-Ավիվին: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու թեման ոչ պաշտոնական մակարդակով Իսրայելում ակտուալացնելով՝ Թել-Ավիվն Անկարային փորձում է զգուշացնել պաղեստինցիների իրավունքների պաշտպանության հարցում չհատել կարմիր գծերը: Անկարայի կողմից այս զգուշացումը հաշվի չառնելու դեպքում ճնշումն ավելի խստացնելու նպատակով չի բացառվում, որ հարցը բարձրացվի նաև պաշտոնական մակարդակով, սակայն չարժե ակնկալել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում:

Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ներկայացվել է իսրայելական խորհրդարանի տարբեր հանձնաժողովների քննարկմանն արդեն 9 անգամ: Միայն վեց անգամ ուղարկվել է արտաքին հարաբերութունների և անվտանգության հանձնաժողով, սակայն երբեք չի քննարկվել, երեք անգամ էլ ուղարկվել է Կրթության գիտության և մշակույթի հանձնաժողով: 2016 թվականի օգոստոսին  վերջինս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, սակայն Իսրայելի ԱԳՆ մամուլի խոսնակ Էմանուել Նախշոնը շտապեց հայտարարել, որ հանձնաժողովի գնահատականը չի համընկնում Իսրայել պետության պաշտոնական դիրքորոշման հետ: «Իսրայելը համաձայն չէ 1915 թվականի դեպքերի վերաբերյալ հայերի պնդումների հետ, և դա երբեք չի փոխվի», – հայտարարել էր Նախշոնը:

Armedia.am