Աֆրինի քրդերի դեմ ուղղված գործողություններն սպառնում են ողջ տարածաշրջանին

Թուրքիայի ռազմական գործողությունները սիրիական Աֆրինում շարունակվում են: Հալեպի հյուսիսում գտնվող Աֆրինի քրդերի ներկայացուցիչը հայտնել է, որ թուրքական բանակը և նրա գործընկերները, հաջողության չհասնելով շրջանում, սկսել են ավելի հաճախ ռմբակոծել բնակելի թաղամասերն ու մշակութային ժառանգության հուշարձանները: Նշենք, որ Դամասկոսն արդեն դիմել է ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ խնդրելով դադարեցնել Թուրքիայի կողմից ռմբակոծությունները՝ պահպանելու համար Աֆրինում գտնվող մշակութային ժառանգությունը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ չի բացառում, որ թուրքական զորքերը առաջանան դեպի Սիրիայի խորքերը՝ հասնելով Իդլիբ: Նա պնդել է, որ թուրք ողջ ժողովուրդը համախմբվել է քրդական խմբավորումների դեմ, ինչպես 2016 թվականին հուլիսի 15-ին՝ երկրում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ Աֆրինում քրդերի դեմ ծավալված ռազմական գործողությունները կավարտվեն մոտ ժամանակներս: Իսկ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին նշել էր, որ Թուրքիան չի ձգտում գրավել սիրիական հողերը: Նրա խոսքով՝ Անկարան զգուշացնում էր, որ ահաբեկիչներին տրամադրվող զենքն սպառնում է Թուրքիային, և իրենք որոշել են ինքնուրույն վերացնել իրենց ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը:

Այս ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգություն է հայտնել՝ կապված Աֆրինում հակամարտության սրման հետ: Թրամփը կոչ է արել Անկարային կրճատել քրդերի դեմ ուղղված ռազմական գործողությունները:

Աֆրինի իրադարձություններն անտարբեր չեն թողել նաև Իրաքի քրդերին: Քուրդ խորհրդարանականներն արտահերթ նիստ են գումարել՝ քննարկելու թուրքական զորքերի հարձակումն Աֆրինի քրդերի վրա: Նշենք, որ ավելի վաղ իրաքյան քրդերը հայտարարել էին, որ անհրաժեշտության դեպքում աջակցություն կցուցաբերեն Սիրիայի իրենց քուրդ եղբայրներին: Էրբիլում արդեն իսկ կազմակերպվել են մի շարք ցույցեր՝ ի աջակցություն սիրիական քրդերի:

Սիրիայում Թուրքիայի գործողությունների դեմ ուղղված բողոքի ակցիա է կազմակերպվել նաև Գերմանիայի Քյոլն քաղաքում: Ցուցարարները վանկարկել են «ահաբեկիչ Էրդողան», «բռնապետ Էրդողան»:

Չնայած այս ամենին, Թուրքիան շարունակում է իր գործողություններն Աֆրինում և ոչ միայն: Վերջին 10 օրվա ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 310 մարդ: Պատճառը սոցցանցերում նրանց մեկնաբանություններն են, որոնք քննադատում են Սիրիայում թուրքական ռազմական գործողությունները: Ձերբակալվածների թվում կան քաղաքական գործիչների, լրագրողներ, ակտիվիստներ:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական բանակն Աֆրինում սկսեց ռազմական գործողություններ «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ, որին Անկարան Քրդական բանվորական կուսակցության նման համարում է ահաբեկչական կազմակերպություն: Սիրիայի քրդերի դեմ իրականացվող ռազմական գործողությունները, որոնք ստացան «Ձիթենու ճյուղ» անվանումը, ծավալվեցին Վաշինգտոնի այն հայտարարությունից հետո, որ ԱՄՆ-ն հնարավոր է համարում Աֆրինում քուրդ խմբավորումներից «սահմանային անվտանգության ուժերի» ստեղծումը:

Մի շարք փորձագետներ նշում են, որ Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունները պարզապես տեղական հակամարտություն չեն: Դրանք կարող են հանգեցնել քրդերի առավել լայնածավալ խռովության, ինչը կարող է ազդել նույնիսկ ողջ տարածաշրջանի վրա: Եթե Թուրքիային չհաջողվի հաղթանակ տանել Աֆրինում, սիրիական քրդերի ռազմական ակտիվությունից կարող են ոգեշնչվել ոչ միայն Թուրքիայի, այլև Իրաքի և Իրանի քրդերը: Եվ եթե քրդերի այդ խռովության մեկնարկը հաջողությամբ պսակվի, ապա նրանց կանգնեցնելը կլինի գրեթե անհավանական:

Armedia.am