Ինչպես առանց գրոշի մնացած Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիզմի պատմության մեջ ամենախոշոր գործարարը. ավելի խոշոր, քան Թրամփը

Լուսանկարը՝ Chris Weeks/FilmMagic

Փորձառու հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելը գրել է գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի ընդարձակ կենսագրությունը, որը հրատարակել է «Հարփեր Քոլինզ» հրատարակչությունը: Գիրքը վերնագրված է՝ «Խաղացողը. ինչպես առանց գրոշի մնացած Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիզմի պատմության մեջ ամենախոշոր գործարարը»:

Ռեմփելը Քըրքորյանի արտասովոր և խիստ անձնական կյանքի մանրամասները մանրակրկիտ կերպով հավաքել է ռազմական գրառումների, բիզնես արխիվների, դատական ​​փաստաթղթերի, վաղեմի ընկերների և գործընկերների հուշերի ու հուշագրությունների միջոցով:

Չնայած թե՛ Քըրքորյանը և թե՛ Դոնալդ Թրամփը միլիարդատերեր են և կազինոյի սեփականատերեր, սակայն նրանց միջև շատ քիչ ընդհանուր բան կա: Ռեմփելը գրել է. «Կազինոյի սեփականատեր Դոնալդ Թրամփը Քըրքին անվանում էր «թագավոր» և ասում իր ընկերներին՝ «ես սիրում եմ այդ մարդուն»: Սակայն Քըրքն իր ոճով և խառնվածքով Թրամփի ճիշտ հակապատկերն էր: Քըրքը մեղմախոս էր, բացահայտ չէր խոսում և սարսափելի վախենում էր հրապարակային ելույթներից: Նա ասում էր, որ կցանկանար «խոսել Թրամփի նման»: Քըրքը նաև չէր ուզում, որ իր անունը նշվեր որևէ տեղ՝ ոչ շենքերի, ոչ փողոցների նշանների վրա, ոչ էլ նույնիսկ իր MGM Studios-ի անձնական կայանատեղիում: Եվ Քըրքը երբեք չի խախտել իր վարկային պարտավորությունները, իսկ իր ձեռքսեղմումը միշտ համարել է պարտադիր պայմանագրի երաշխիք»:

Երբ Լաս Վեգասի սրտում գտնվող Քըրքորյանի նոր բազմամիլիարդ դոլար արժողությամբ CityCenter հյուրանոց-կազինոն 2009 թվականին ֆինանսական լուրջ խնդիրների առջև կանգնեց, Ռեմփելը գրում է,  որ Թրամփն սկզբում որոշ կարեկցանք արտահայտեց՝ «Ես սիրում եմ Քըրքին և հուսով եմ, որ նա դուրս կգա այդ վիճակից»: Այնուհետև, Թրամփը փոխեց կարծիքը և CNN-ի Լարի Քինգի շոուին տված հարցազրույցի ժամանակ CityCenter-ի նախագիծն անվանեց «բացարձակ աղետ»: Ավելի ուշ Թրամփը հայտարարեց՝ «Դա անշարժ գույքի պատմության մեջ կլինի ամենամեծ ձախողությունը… շատ վատ է»: Իհարկե, Թրամփը սխալ դուրս եկավ իր կանխատեսումներում: Քըրքորյանը ևս մեկ անգամ ոտքի կանգնեց և CityCenter-ը մեծ ֆինանսական հաջողություններ ունեցավ…

Երբ 1989 թվականին Քըրքորյանը «Ֆորբս» ամսագրի միլիարդատերերի  ցուցակում էր, Թրամփը նույնպես սկզբում այդ ցուցակում էր: Այնուամենայնիվ, շուտով «Ֆորբսը» Թրամփին հեռացրեց իր միլիարդատերերի ցուցակից՝ պատճառաբանելով, որ «իրենք մոլորեցված էին Թրամփի ներկայացրած ոչ լիարժեք տեղեկությունների պատճառով…. ԱՄՆ ապագա նախագահի կապիտալն այն ժամանակ, ըստ խմբագիրների, «մոտ էր զրոյականի սահմանագծին»։

«Հարփեր Քոլինզի» հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ, Քըրքորյանի կենսագրությունը Ռեմփելի կողմից ներկայացված է որպես «Ամերիկայի ամենահարուստներից և ամենաքիչ հայտնի ֆինանսական հսկաներից մեկի՝ իր ջանքերով հաջողության հասած միլիարդարտեր Քըրք Քըրքորյանի՝ խիզախ օդաչուի, կինոմագնատի, ռիսկի դիմողի և խոշոր գործարարի ցնցոտիներից մինչև հարստության հասնելու պատմություն, որը որպես հաջողակ ֆինանսավորող ամերիկյան բիզնեսի փոխակերպեց Լաս Վեգասն ու Հոլիվուդը»:

Այս կենսագրականի հիմնական առավելություններից մեկը ամերիկահայ համայնքի և Հայաստանի Հանրապետության համար Քըրքորյանի բարեգործության լայնածավալ լուսաբանումն է։

Գրքի 12-րդ գլխում , որը կրում է «Հայկական կապերը» վերնագիրը,  հեղինակը նկարագրում է Քըրքորյանի պատահական հանդիպումը Մենի Աղասիի հետ Լաս Վեգասում, 1963 թվականին, ով  «Տրոպիկանա» հյուրանոցի մատուցողն էր և նրա հայրենակիցն Իրանի մայրաքաղաք Թեհրանից։ Մենին դարձավ Քըրքորյանի մտերիմ ընկերը և իր ապագա որդուն կոչեց Անդրե Քըրք Աղասի, որը հետագայում դարձավ հայտնի թենիսիստ։ Ռեմփելը նաև նկարագրել է Քըրքորյանի գործարքները Ջորջ Մեյսոնի (Էլմասյան) հետ, որը նրա վաղեմի բորսային միջնորդն էր  և «Կալիֆորնիա կուրիեր» թերթի (1958 թ.) հիմնադիրը։

31-րդ գլխում Ռեմփելը նկարագրում է Հայաստանի հյուսիսում 1988 թվի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ողբերգական երկրաշարժը, և թե ինչպես է Քըրքորյանը համաձայնել միանալ Միացյալ հայկական հիմնադրամին, որն ավելի քան 150 ավիափոխադրումներ իրականացրեց, իսկ հետագա 25 տարիներին 700 միլիոն դոլարի մարդասիրական բեռներ առաքեց՝ սկզբում երկրաշարժից տուժածներին, այնուհետև  Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ողջ բնակչությանը։ Կենսագիր Ռեմփելը նաև նկարագրել է, թե ինչպես է հիմնադրվել Միացյալ հայկական հիմնադրամը՝ հայ-ամերիկյան յոթ ամենախոշոր բարեգործական և կրոնական կազմակերպությունների համախմբումը, ներառյալ Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը:

36-րդ գլուխը , որը կրում է«Ցեղասպանությունը և առատաձեռնությունը» խորագիրը, նկարագրում է Քըրքորյանի ամենաառաջին այցը Հայաստան (1998 թ.) իր սեփական ինքնաթիռով, Հարութ Սասունյանի ընկերակցությամբ։ Այս գլխում նկարագրված են թռիչքի ընթացքում տեղի ունեցած խոսակցությունները՝ Թուրքիայի և բռնազավթված հայկական հողերի մասին, ինչպես նաև քննարկվել է «Լինսի» հիմնադրամի կողմից նոր ծրագրերի ֆինանսավորման հարցը։ Հետագայում ես նշանակվեցի «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ՝ վերահսկելու 242 միլիոն դոլարի ենթակառուցվածքային նախագծերը Հայաստանում և մի քանիսը Արցախում։ Այս բացահայտող գիրքը ներառում է նաև զվարճալի պատմություններ խորհրդային ոճի հյուրանոցում Քըրքորյանի մնալու անհարմարությունների մասին, որոնք ստիպեցին այն վերափոխելու «Մարիոթ» հյուրանոցի։ Այս գլուխը պատմում է նաև նրա հուզիչ այցելության մասին Հայոց ցեղասպանության թանգարանը Երևանում:

Քըրք Քըրքորյանի կենսագրությունը յուրահատուկ մարդու հետաքրքրաշարժ պատմությունն է։ Նա փայլուն գործարար էր, չափազանց համեստ բարերար, իսկական ամերիկացի, ինչպես նաև իսկական հայ: 2015 թվականին, երբ նա 98 տարեկանում կնքեց իր մահկանացուն, որպես ազնվության և առատաձեռնության վերջին նշան նա իր ողջ ունեցվածքը՝ 2 միլիարդ դոլար (բացի 1 միլիարդ դոլարից, որը «Լինսի» հիմնադրամով արդեն նվիրաբերել էր ամերիկյան և հայկական բարեգործական ծրագրերին) տվեց բարեգործությանը։

Հարութ Սասունյան՝

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր