Կփոխվի՞ արդյոք Ադրբեջանի նախագահը

 

Փետրվարի 1-ին Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը հայտարարեց, որ գալիք նախագահական ընտրություններին առաջադրելու է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը, ինչը բոլորովին զարմանալի չէր:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ալիևը հրամանագիր է ստորագել երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին: Նշվում է, որ ընտրությունները կկայանան 2018 թվականի ապրիլի 11-ին: Ավելի վաղ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2018թ. հոկտեմբերի 17-ին:

Ալիևից բացի իրենց թեկնածության մասին են հայտարարել ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախկին ղեկավար Իսա Ղամբարը, «Քաղաքացիներ և զարգացում» կուսակցության առաջնորդ Ալի Ալիևը, և «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Միրմահմուդ Միրալիօղլուն:

Սակայն, պաշտոնապես նրանք կարող են առաջադրվել միայն նախընտրական քարոզարշավի մեկնարկին՝ քվեարկությունից 60 օր առաջ: Անհրաժեշտ է ընդգծել այն հանգամանքը, որ 2016թ.-ի սեպտեմբերին Ադրբեջանի Սահմանադրության մեջ տեղ գտած փոփոխությունների համաձայն՝ Ադրբեջանի նախագահը պաշտոնավարելու է յոթ տարի, իսկ դեռևս 2009թ.-ի սահմանադրական հանրաքվեով՝ Ալիևը վերացրել էր նախագահի պաշտոնում առաջադրվելու ժամկետային սահմանափակումը, ինչն իրեն թույլ տվեց երրորդ անգամ երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվել 2013թ.-ին: Այս փոփոխությունները, փաստորեն, հող էին նախապատրաստում Ալիևի իշխանության երկարաձգման համար: Բացի այդ, փոփոխություններով ի հայտ եկավ փոխնախագահի պաշտոնը, որն զբաղեցնում է Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան:

Ադրբեջանում նախագահական նախկին ընտրությունների արդյունքում գործող նախագահ Ալիևը ստացել էր ձայների 84.54%-ը: Հայտարարելով «Նոր Ադրբեջան» կուսակցության թեկնածուին՝ կուսակցության գործադիր քարտուղար, երկրի փոխվարչապետ Ալի Հասանովը նշել է, թե այսօր էլ Ադրբեջանում ժողովուրդը վստահում և աջակցում է Ալիևին: Նա որպես պատճառ նշում է երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունները, տնտեսական առաջընթացը, ինչպես նաև միջազգային հանրության շրջանում Ադրբեջանի դրական իմիջի բարձրացումը՝ մոռանալով, թերևս, վերջին ժամանակներս ադրբեջանական դիվանագիտության պարտությունների և կոռուպցիոն սկանդալների մասին:

Այնուամենայնիվ, թե երկրում, թե երկրի սահմաններից դուրս Ալիևի հաղթանակի հարցում գրեթե կասկած չկա: Երկրում ամենահզոր երկու կլաններն այսօր դե յուրե և դե ֆակտո իրենց ձեռքում են պահում երկրի իշխանությունը:  

Armedia.am