Սերժ Թանկյանը ներկայացրել է հարթակ, որտեղ մրցում են միևնույն 7 նոտայով սկսվող ստեղծագործությունները

 

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ներկայացրել է  7NotesExperiment.com կայքը՝ թվային բաց հարթակ, որտեղ տեղ են գտել 60 երկրներից ստացված տարբեր ժանրերի հարյուրավոր ստեղծագործություններ։ Իրարից լիովին տարբերվող այս ստեղծագործությունները մեկ ընդհանրություն ունեն. դրանք բոլորն սկսվում են միևնույն 7 նոտաներով, փոխանցում է Panorama.am-ը:

Այս նոր հարթակը ներառում է Թանկյանի՝ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակով երաժշտական մարտահրավերի  մասնակից 500 ստեղծագործություն՝ այդ թվում լավագույն 100-ը։ Հաղթողի անունը պարզ կդառնա շուտով։

Իբրև «մշակութային փորձ»՝ թվային այս նոր հարթակն իրենից ներկայացնում է Սերժ Թանկյանի մարտահրավերի վերջին փուլը։ Հազարավոր դիմումներից 500-ն են տեղ գտել 7NotesExperiment.com-ում, որոնցից առանձնացվել է լավագույն 100-ը։ Այս 100-ից միայն մեկն է հաղթելու 5,000 ԱՄՆ դոլար մրցանակը, որը կհանձնվի ավելի ուշ՝ այս ամիս։

Ժյուրիի անդամներն են System of a Down խմբի բաս-կիթառահար Շավո Օդաջյանը, Capital Cities խմբի աստղ Սեպուհ Սիմոնյանը, ջազ ֆենոմ և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, UCLA համալսարանի Herb Alpert երաժշտական դպրոցի պրոֆեսոր և հիմնադիր դեկան Ջուդիթ Սմիթը և հայտնի ռոք աստղ ու հենց ինքը՝ մարտահրավերի հեղինակ Սերժ Թանկյանը։