Եվրոպական խորհրդարանը քննադատել է Թուրքիային մարդու իրավունքների ոտնահարման ու արտակարգ դրության համար

 

Լուսանկարը՝ EUobserver

Եվրոպական խորհրդարանը Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել։ Ինչպես հայտնում է stockholmcf.org-ը՝ զեկույցում պատգամավորներն ընդգծում են երկրում տիրող կառուցվածքային խնդիրները՝ մասնավորապես երկրում հաստատված արտակարգ դրությունն ու դատական համակարգի կամայականությունները:

Պատգամավորները քննադատության են ենթարկել Թուրքիայի կառավարության կողմից լրագրողների, ակտիվիստների, բժիշկների ու հասարակ քաղաքացիների վերջին ձերբակալությունները, որոնց նպատակն է գրաքննության ենթարկել Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատողներին։

Նշվում է, որ 2016թ.-ի հուլիսի 16-ի հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունն օգտագործվում է լեգիտիմ ու խաղաղ ընդդիմությանն առավել ճնշելու համար: Այդ ժամանակից ի վեր 160 լրատվամիջոցներ են փակվել։ Բացի այդ, Թուրքիայում քաղաքացիական հասարակությունը ենթարկվում է զանգվածային ճնշումների:

Զեկույցում խստորեն դատապարտվում է նաև Թուրքիայի խորհրդարանի՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը, որը հանգեցրել է ընդդիմադիր 10 պատգամավորների ձերբակալության ու 6 պատգամավորի մանդատի չեղարկման, ինչպես նաև քուրդ 68 քաղաքապետերի ձերբակալման։

Եվրոպական խորհրդարանը Թուրքիային կոչ է անում վերացնել արտակարգ դրությունը, ազատ արձակել բանտարկյալներին, ովքեր պարզապես ձերբակալվել են իրենց աշխատանքն անելու համար՝ ներառյալ ԵՄ քաղաքացիներին, որոնց մեջ են գերմանացի լրագրող Դենիզ Յուսելն ու Cumhuriyet-ի լրագրողները: