Ինչո՞ւ է Ֆրանսիան որոշել ավելացնել ռազմական բյուժեն

Լուսանկարը` Defense News

Ֆրանսիայի նախարարների կաբինետը հաստատել է երկրի պաշտպանական բյուջեն առաջիկա 7 տարիների ընթացքում ավելի քան մեկ երրորդով ավելացնելու վերաբերյալ նախագիծը: Ընդհանուր առմամբ, այդ ժամանակահատվածում Ֆրանսիայի պաշտպանական ծախսերը կավելանան՝ դառնալով մոտ 300 մլրդ:

Նշվում է, որ հատկացվող միջոցների հիմնական մասը կտրամադրվի ռազմական տեխնիկայի արդիականացմանը: Բացի այդ, նախատեսվում է ավելացնել զինվորականների թվաքանակը 6 հազարով, ինչպես նաև բարելավել զինվորականների նյութական ապահովումը: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլինը ռազմական բյուջեի ավելացումը պայմանավորում է Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության աճի և ահաբեկչությանը դիմագրավելու անհրաժեշտության հետ:

Սակայն, ֆրանսիական լրատվամիջոցներն ավելի հակված են այն մոտեցմանը, որ այդ կերպ նախագահ Մակրոնը փորձում է ստանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը:

Նշենք, որ Ֆրանսիայի պաշտպանական բյուջեի այս նախագիծը ենթադրում է, որ Մակրոնի նախագահության ավարտին պաշտպանության ոլորտի հատկացումները ՀՆԱ-ի ներկայիս 1.82 տոկոսից կդառնան 2 տոկոս, ինչպես որ պահանջում է ՆԱՏՕ-ի ֆինանսական կանոնադրությունը:

2014 թվականի սեպտեմբերին Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ կառույցի անդամ պետությունները պարտավորվել են առաջիկա տաս տարիների ընթացքում իրենց ռազմական բյուջեն հասցնել երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսից բարձր մակարդակի: Ռազմական բյուջեի ավելացնելու հարցն էլ ավելի արդիական դարձավ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո: Թրամփին բնավ դուր չի գալիս, որ ՆԱՏՕ-ի ծախսերի հիմնական մասը հոգում է ԱՄՆ-ն, ուստի նա ակտիվորեն պահանջում է եվրոպական երկրներից կատարել դաշինքի նկատմամբ իրենց ֆինանսական պարտավորությունները: Այս հարցում Թրամփն առավել մեծ տարաձայնություններ ունի Գերմանիայի հետ, որի ռազմական բյուջեն կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 1.4 տոկոսը: Նշենք, որ ռազմական բյուջեի ավելացնելու պահաջը եվրպական հասարակությունների կողմից ոչ միանշանակ է ընդունվել. թերևս այդ հարցին առավել ըմբռնումով են մոտենում եվրոպական այն երկրները, որոնք ռուսական վտանգ են տեսնում:

Նշենք, որ ԱՄՆ-ից բացի պաշտպանության համար ՀՆԱ-ի 2 տոկոսից ավելին հատկացնում են միայն Հունաստանը (2,32%), Էստոնիան (2,14%), Մեծ Բրիտանիան (2,14%), Ռումինիան (2,02%) և Լեհաստանը (2,01%): ՀՆԱ-ի տոկոսային հարաբերությամբ ամենաքիչը պաշտպանության համար ծախսում են Իսպանիան (0,92%), Բելգիան (0,91%) և Լյուքսեմբուրգը (0,44%).

Armedia.am