Թուրքերը բացահայտել են, որ հայկական արմատներ ունեն

Լուսանկարը` fethiyetimes.com

Թուրք լրագրող Ֆեհիմ Թասթեքինը Аl-Мonitor կայքում ծավալուն հոդվածով անդրադարձել է Թուրքիայի պետական ծառայությունների կողմից գործարկված և երկրում մեծ աղմուկ բարձրացրած հարթակին, որի միջոցով քաղաքացիները կարող էին ստուգել, թե ովքեր են եղել իրենց նախնիները մինչև 1800-ականները։ Շատերը պարզել էին, որ հայկական արմատներ ունեն, փոխանցում է PanArmenian-ը: 

«Այն օրերին, երբ Թուրքիան ցանկանում էր անդամակցել ԵՄ-ին, և թուրք հասարակությունը հարցադրումներ էր հնչեցնում իր կրոնական և էթնիկ ծագման մասին, երկրում սկսվեց մի ժամանակաշրջան, երբ մարդկանց իշխանության թեթև ձեռքով սկսեցին անպատվել և անվանել նրանց«ծպտյալ հայեր»», -գրում է հեղինակը:

Անդրադառնալով Պոլսում հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի՝ Քեմալ Աթաթուրքի որդեգիր դուստր Սաբինա Գյոքչենի հայկական արմատների մասին սկանդալային բացահայտումներին, հեղինակը մատնանշում է թուրքական իշխանությունների հիվանդագին արձագանքը:

«Դինքի պատմությունը բացատրում է, թե ինչու են Թուրքիայում թաքցրել բնակչության ռեգիստրները: Պետությունը մշտապես զգայուն է եղել այդ հարցի նկատմամբ: Մարդկանց ինքնությունը բացահայտող տվյալների գաղտնիությունը Թուրքիայում դիտարկվել է որպես ազգային անվտանգության հարց»,- գրում է հեղինակը:

Ըստ նրա, դրա համար երկու պատճառ է եղել, նախ՝ թաքցնել այն փաստը, որ բազմաթիվ հայեր, հույներ, հրեաներ դավափոխվել են և մուսուլման են դարձել, և երկրորդ՝ խուսափել «թուրքականությունը» կասկածի տակ դնող որևէ բանավեճից:

Էթնիկ ծագման հարցը, ըստ հեղինակի, Թուրքիայւոմ մշտապես կիրառվել է որպեղ հասարակությունը մասնատող գործիք: