ԵՄ-ն հուսով է, որ Երուսաղեմի՝ Տիրոջ գերեզմանի տաճարի փակման հետ կապված խնդիրները շուտով կլուծվեն

Լուսանկարը՝ osv.com

Եվրոպական միությունը հույս է հայտնել, որ Երուսաղեմի՝ Տիրոջ գերեզմանի տաճարի փակմանը հանգեցրած խնդիրը շուտով կկարգավորվի: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է «chelorg.com»-ը։

Նշենք, որ ի պատասխան քաղաքային իշխանությունների կողմից եկեղեցական անշարժ գույքից հարկ գանձելու մասին որոշման, տաճարն այժմ չի ընդունում զբոսաշրջիկների և ուխտագնացների:

«Ես ուզում եմ հայտարարություն անել Տիրոջ գերեզմանի տաճարի փակման կապակցությամբ: Մենք հույս ունենք, որ լուծումը կարող է արագ գտնվել: Երուսաղեմը երեք մոնոթեիստական կրոնների սուրբ քաղաք է, նրա հատուկ կարգավիճակն ու բնույթը պետք է պահպանվի և պաշտպանվի բոլորի կողմից»,- ասել է Մոգերինին: