Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցք. Հայաստանը գործնական քայլեր է ձեռնարկում

Լուսանկարը` Global Trade Magazine

Հայաստանը ներկայում բանակցում է Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի և Իրանի հետ Պարսից ծոց – Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ամիրխանյանը։  

Նրա խոսքով՝ տարածաշրջանում առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն այս ծրագրի անկյունաքարերից է։ Այն միտված է բեռների միջազգային փոխադրման և տարանցման դյուրացմանը, դրանց կառավարող ընթացակարգերի պարզեցմանը, մոտարկմանը և ստանդարտացմանը, տրանսպորտային ծախսերի նվազեցմանը, ճանապարհային անվտանգության պայմանների բարելավմանը և այլ երկրներից բեռների տարանցման ներգրավմանը։ «Ծրագիրը կնպաստի ՀՀ փոխադրողների համար ցամաքային և ծովային փոխադրումներն օգտագործելու միջոցով դեպի միջազգային շուկաներ պարզեցված ընթացակարգով մուտք գործելուն։ Ծրագիրը հնարավորություն կտա նաև արագացնել և դյուրացնել արագ փչացող բեռների տարանցումը համապատասխան համաձայնագրի պայմանավորող կողմ հանդիսացող պետությունների սահմանները հատելիս», – հավելել է Սամվել Ամիրխանյանը։ Նրա խոսքով, ծրագրով նախատեսվում են բացառապես օրենսդրությամբ սահմանված տուրքեր և վճարներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 17-ին տեղի ունեցած Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթի ընթացքում նշել էր, որ Հայաստանը Սև ծովի և Պարսից ծոցի միջև տարանցիկ միջանցք ձևավորելու հարցով բանակցություններ է վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ: Այս ծրագրի մասին իր այցի ընթացքում Հայաստանում հայտարարեց նաև Բուլղարիայի նախագահը: 

Նշենք, որ այս նախագծի շնորհիվ Հայաստանը կարող է վերածվել տրանզիտային տրանսպորտային գոտու: Նախագծի բարեհաջող կյանքի կոչման դեպքում Հայաստանը դուրս կգա շրջափակումից՝ վերածվելով կարևոր տարանցումային տարածքի, բացի այդ, այն կնպաստի մեր երկրի տնտեսության աճին:

Տեղեկանք

Պարսից Ծոց-Սև ծով նոր տրանսպորտային միջանցքի ստեղծման գաղափարն առաջ է քաշել Իրանը: Նախատեսվում է, որ այն կկապի Հայաստանը, Իրանը, Վրաստանը և Բուլղարիան: Իրանական բեռնատարները նոր միջանցքով պետք է անցնեն Հայաստանով և Վրաստանով և, հասնելով Սև ծով, տեղափոխվեն Բուլղարիա, Հունաստան և նույնիսկ՝ Իտալիա: Այդ ամենի համար նախատեսվում է օգտագործել roll-on/roll-off (RORO) նավեր:

Պարսից ծոց – Սև ծով միջանցքի շրջանակներում Իրանից Հայաստանի տարածքով եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ակտիվացմանն ուղղված Հայաստան-Իրան փոխգործակցությունն սկսվել է 2014 թվականից, իսկ 2016 թվականին տեղի է ունեցել մուլտիմոդալ փոխադրման առաջին փորձը: Փորձնական տարբերակով 2 կոնտեյներ Գերմանիա-Կոստանցա նավահանգստից տեղափոխվել է Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` «Երասխ» կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան: Փոթիից «Երասխ» կոնտեյներների տեղափոխման համար պահանջվել է  38 ժամ, ինչը համարվում է համեմատաբար լավ ցուցանիշ: