Փոլ Ռոբերտ Իգնատիուս. ազգությամբ հայ ԱՄՆ ռազմածովային նախարարը

Լուսանկարը՝ Live Journal

Փոլ Ռոբերտ Իգնատիուսը եղել է ԱՄՆ նախկին ռազմածովային նախարարը, հանդիսանում է նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնի վարչակազմում ծառայած `ԱՄՆ-ի պատմության մեջ հայազգի ամենաբարձր կոչման արժանացած զինվորականը:

Փոլ Ռոբերտ Իգնատիուսը ծնվել է 1920 թ. նոյեմբերի 11-ին Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում՝ հայ գաղթականներ` Հովսեփ և Էլիզա Իգնատոսյանների ընտանիքում: Մանկությունից սկսած Փոլը մեծ սեր է ցուցաբերել ռազմական արվեստի նկատմամբ, որը Հովսեփն իր որդուն ներշնչում էր՝ պատմելով տարբեր ռազմական պատմություններ: Ընտանիքի արժանի ապագան ապահովելու համար Հովսեփն, ինչպես և հազարավոր հայեր, առանց հանգստի գիշեր-ցերեկ աշխատում էր: Իր հուշատետրում Փոլը գրում է. «Չնայած այդ դժվար ժամանակներին, հայրս ամեն ինչ արեց, որպեսզի մենք ոչնչի կարիք չունենանք»: Հորս մեծ ջանասիրությունն ու նրա ընկալունակությունը հանգեցրին նրան, որ նա կարողացավ իր սեփական գործը ստեղծել: Գլենդեյլի հայ բնակչությանն ակտիվորեն օժանդակելով՝ Հովսեփը մեծ հարգանք էր վայելում և իր արժանիքների շնորհիվ ընտրվեց տեղական հայ համայնքի ղեկավար:

Փոլի ծնողները տանը խոսում էին իրենց մայրենի լեզվով, բայց երեխաներին չէին ստիպում նույնն անել: Երիտասարդ սերնդի ձուլման գործընթացը Իգնատոսյանների մոտ տեղի ունեցավ բավականին արագ, գրում է All-armenia.com կայքը:

Երբ հայ համայնքը սկսեց ընդլայնվել Գլենդեյլում՝ ստեղծելով մշակութային կենտրոններ, հայազգի արվեստագետները, դերասանները, նկարիչները, գրողները, բոլորը մեծ հաճույքով հավաքվում էին Հովսեփ Իգնատոսյանի տանը: Մշտական հյուրերից էին Ռուբեն Մամուլյանը, Ակիմ Թամիրովը … Փոլի մայրը՝ Էլիզա Ժամկոչյանը, համարվում էր այդ անմոռանալի երեկոների ոգին: Ի տարբերություն իր ծնողների՝ Փոլը երբեք չի տառապել իր պատմական հայրենիքի հանդեպ կարոտով… մինչ 1988 թվականը, մինչ ավերիչ երկրաշարժը Հայաստանում …

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի և Հարվարդի բիզնես դպրոցի շրջանավարտի կարիերան համընկնում է քսաներորդ դարում ԱՄՆ պատմության առանցքային ժամանակաշրջանին: Լինելով երիտասարդ լեյտենանտ՝ 1944 թվականին, որպես ԱՄՆ 7-րդ ռազմավարական նավատորմի անդամ, Փոլ Իգնատիուսը մասնակցել է Ֆիլիպինյան դեսանտային լայնածավալ գործողությանը, մասնակել է Ճապոնիայի դեմ ծովային մարտերին, մինչև նրա հանձնվելը 1945 թ.-ին, իսկ Կորեական պատերազմի ընթացքում զբաղվել է թերակղզու ռազմածովային շրջափակման ծրագրի մշակմամբ: 1953 թ.-ին երիտասարդ հայը դարձավ Մարշալ հիմնադրամի խորհրդի անդամ և երկար տարիներ ընդդիմացավ Ամերիկայի 34-րդ նախագահ Էյզենհաուերի՝ Վիետնամում պատերազմ սկսելու մտադրությանը, որի պատճառով էլ լքեց իր պաշտոնը: 1961 թ.-ին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջոն Քենեդիի ընտրվելուց հետո, Փոլ Ռոբերտ Իգնատիուսը զբաղեցրեց ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը: Մի քանի տարի անց՝ արդեն նախագահ Լինդոն Ջոնսոնի ղեկավարության ժամանակ, նա դարձավ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախարար, հաղորդում է rusarminfo.ru-ն:

1967 թ. օգոստոսի 4-ի երեկոյան Իգնատիուսի ընտանիքը նստած էր ճաշի սեղանի շուրջ: Հեռախոսի զանգը ոչինչ չէր կանխագուշակում, սովորական ժամ էր սովորական զանգի համար: Հեռախոսին պատասխանեց տան տիրուհին և մի քանի վայրկյանից դեմքը փոխվեց:

Երկրի նախագահի հետ հաղորդակցելու համար հրավիրում էին իր ամուսնուն՝ Փոլ Իգնատիուսին: «Ես որոշեցի ձեզ նշանակել ԱՄՆ ռազմածովային նավատորմի նախարար: Շնորհավորում եմ»,- նախագահ Լինդոն Ջոնսոնը չափազանց լակոնիկ էր: Փոլն այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 1969 թվականը:

Հենց Իգնատիուսի օրոք էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը հասան հիմնովին նոր մակարդակի նորագույն սերնդի էսմինեցների և գծանավերի ստեղծման ոլորտում, իսկ 2013 թվականին Արլի Բերկ DDG-117 դասի ԱՄՆ զինված ուժերի էսկադրային ականակիրը կոչեցին Փոլ Իգնատիուսի պատվին (USS Paul Ignaccius DDG-117):

Հայաստանում 1988թ.-ին տեղի ունեցած երկրաշարժը, երկրի խնդիրները հեռվից հեռու խոցեցին Փոլի սիրտը: Այդ ժամանակահատվածում թոշակառու զինվորականը սկսեց բուռն գործունեություն ծավալել Հայաստանի համար որոշակի օգնություն կազմակերպելու համար: 1990թ.-ին Իգնատիուսը հիմնեց «Միջազգային զարգացման գործակալություն» հումանիտար օգնության բյուրոն, որի ամբողջ գործունեությունը նվիրված էր հայրենակիցներին օգնելուն:

Փոլ Իգնատիուսը մասնակցում է հայկական սփյուռքի կյանքին մինչ օրս, չնայած իր տարիքին, շարունակում է լոբբինգ անել հանուն հայկական շահերի: Անշուշտ, այդպիսի մարդու հեղինակությունը մեծ ազդեցություն է թողնում ամերիկյան ռազմաքաղաքական հաստատությունների վրա: Բացի այդ, Փոլի որդին՝ Դեյվիդ Իգնատիուսը, ամերիկյան լրագրող և գրող է, The Washington Post-ի սյունակագիր, որը նույնպես հատուկ ուշադրություն է դարձնում հայկական հարցին:

Մի քանի տարի առաջ Փոլ Իգնատիուսն իր ընտանիքի հետ միասին շրջեց պատմական Հայաստանով և այցելեց Հայաստանի Հանրապետություն:

Ինչ-որ առիթով խոսելով Վաշինգտոնի Սուրբ Մարիամ եկեղեցում, նա խոստովանել է. «Հայկական արժեքները և դաստիարակությունն  ինձ միշտ օգնել են, ես երբեք չեմ մոռացել իմ ծնողների, իմ արմատների, իմ ժողովրդի մասին», – գրում է Yerkramas.org-ը:

Armedia.am