Չինական տիեզերակայանի բեկորները հնարավոր է ընկնեն Իսպանիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի և Հունաստանի տարածքում

Լուսանկարը՝ Business Insider

Չինաստանի «Տյանգուն-1» տիեզերակայանի բեկորները Երկիր մոլորակի վրա ենթադրաբար կընկնեն մարտի 29-ից մինչև ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնել Է The Hill հրատարակչությունը՝ վկայակոչելով Տիեզերական տարածության ուսումնասիրման կենտրոնին, փոխանցում է «Լենտա»-ն:

Գիտնականների կարծիքով՝ կայանը, մտնելով մթնոլորտի խիտ շերտեր, կքայքայվի, և դրա բեկորների մեծ մասը կայրվի: Դրանցից մի քանիսը կհասնեն մինչև մոլորակի մակերես և կընկնեն օվկիանոսը: Սակայն մասնագետները զգուշացրել են Իսպանիային, Պորտուգալիային, Ֆրանսիային և Հունաստանին՝ իրենց տարածքում բեկորների ընկնելու հավանական վտանգի մասին:

8,5 տոննա զանգվածով, 12 մետր երկարությամբ և 3,3 մետր տրամագծով «Տյանգուն-1» կայանն ուղեծիր Է դուրս բերվել 2011 թվականի սեպտեմբերին: Հետագա երկու տարիների ընթացքում դրան երկու անգամ կցվել են «Շենչժոու» շարքի տիեզերանավեր, սակայն ավելի ուշ մասնագետները կորցրել են վերահսկողությունը տիեզերակայանի նկատմամբ: Ըստ մասնագետների՝ դա պայմանավորված է նրանով, որ առանցքի ուղղման համար նախատեսված շարժիչների վառելիքը սպառվել է: