Սկրիպալի գործը. կհաջողվի՞ ՌԴ-ին խուսափել տնտեսական նոր պատժամիջոցներից

Լուսանկարը՝ mpsh.ru

Եվրոպական երկրների առաջնորդները պաշտոնապես համաձայնեցին Մեծ Բրիտանիայի հետ, որ ամենայն հավանականությամբ բրիտանական Սոլսբերիում նյարդակաթվածային նյութով հարձակման պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը: «Մենք անվերապահորեն աջակցում եք Միացյալ Թագավորությանը մեր ընդհանուր անվտանգությանն ուղղված այդ հանդուգն սպառնալիքի առաջ», – ասվում է Բրյուսելում մարտի 22-ին կայացած բանակցությունների արդյունքում ԵՄ առաջնորդների համատեղ հայտարարությունում: Նշվում է, որ Ռուսաստանում ԵՄ մշտական ներկայացուցիչը հետ է կանչվում խորհրդակցությունների համար:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հաջողվել է հասնել նրան, որ ԵՄ երկրների դիրքորոշումը Սոլսբերիի միջադեպի վերաբերյալ լինի շատ ավելի կոշտ, քան մինչ գագաթաժողովը: «Մենք վճռական ենք համատեղ արձագանքելու ոչ միայն կիրառված կոշտ ձևակերպումներով, այլ նաև հավանական է հավելյալ այլ միջոցներով», – գագաթաժողովից հետո հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

ԵՄ մի քանի երկիր արդեն դիտարկում են ռուս դիվանագետներին արտաքսելու կամ Մոսկվայից իրենց դեսպաններին հետ կանչելու հավանականությունը: Առայժմ նման հնարավորության մասին հայտարարել են Խորվաթիան, Լատվիան, Սլովակիան, Չեխիան: Թեև դեսպաններին հետ կանչելը նվազեցնում է քաղաքական երկխոսության շանսերը, սակայն պետք է նկատել, որ այս հարցում կողմերը լուրջ դժվարություններ ունեին նաև նախկինում: Միևնույն ժամանակ հռետորաբանության կոշտացումը հնարավորություն է տալիս խուսափելու տնտեսական նոր պատժամիջոցներ սահմանելուց: Նշենք, որ Ռուսաստանի դեմ արդեն իսկ գործող պատժամիջոցները լուրջ դժգոհություն են առաջացնում եվրոպական առանձին երկրներում, ինչի մասին վկայում է նաև տարբեր ընտրություններում ռուսամետ ուժերի հաղթանակը:

Ինչ վերաբերում է այս ամենին Ռուսաստանի արձագանքին, նշենք, որ Մոսկվայում ափսոսանք են հայտնել Բրյուսելի որոշման հետ կապված: ՌԴ նախագահի մամուլի խոսանկ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրելում չգիտեն, թե ինչ փաստարկներով է Լոնդոնը համոզել ԵՄ մյուս երկրներին: Միևնույն ժամանակ Մոսկվայում արդեն հայտարարել են, որ եվրոպական երկրների կողմից ռուս դիվանագետներին արտաքսելու յուրաքանչյուր դեպքին պատրաստվում են համարժեք պատասխան տալ: 

Armedia.am