Ինչի՞ կարող է հանգեցնել Արևմուտքի կողմից ռուս դիվանագետների զանգվածային արտաքսումը

Լուսանկարը՝ Politico Europe

Սկրիպալի գործով Մեծ Բրիտանիայից հետո Ռուսաստանի դիվանագետներին արտաքսելու մասին այս պահի դրությամբ հայտարարել է ևս 23 պետություն: Մասնավորապես ՌԴ դիվանագետներին արտաքսելու մասին որոշում է ընդունել Եվրամիության 16 երկիր, ԱՄՆ-ը, Կանադան, Ալբանիան, Մակեդոնիան, Նորվեգիան, Ուկրաինան և Ավստրալիան:

Այսպես, Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի իշխանություններն որոշել են արտաքսել 4-ական ռուս դիվանագետի, Իտալիայի, Նիդեռլանդների, Դանիայի և Իսպանիայի իշխանությունները՝ երկուական դիվանագետի: Շվեդիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Խորվաթիան և Ռումինիան հայտարարել են, որ արտաքսում են մեկական ռուս դիվանագետի: Չեխիան, Լիտվան կարտաքսեն ՌԴ 3-ական դիվանագետի: Բացի այդ, Լիտվան որոշել է երկրից արտաքսել նաև Ռուսաստանի դեսպանատան երկրորդ քարտուղարին, իսկ էստոնիան՝ ՌԴ դեսպանատան ռազմական կցորդին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է երկրից արտաքսել 60 ռուս դիվանագետի և փակել ՌԴ գլխավոր հյուպատոսությունը Սիեթլում: Կանադան հայտարարել է 4, Ալբանիան և Ավստրալիան՝ 2-ական, Նորվեգիան և Մակեդոնիան մեկական ռուս դիվանագետի արտաքսման մասին: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է 13 ռուս դիվանագետների արտաքսման մասին:

Ռուս դիվանագետներին արտաքսելու մտադրության մասին արդեն հայտնել են Իռլանդիայի իշխանությունները, իսկ Իսլանդիայի իշխանությունները թեև որոշել են չարտաքսել ռուս դիվանագետներին, սակայն հայտարարել են  Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության դիվանագիտական բոյկոտի և Ռուսաստանի հետ բարձր մակարդակով շփումների դադարեցման մասին: Ավելի վաղ 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին հայտարարել էր Մեծ Բրիտանիան: Այսպիսով, ընդհանուր առմամբ հայտարարվել է 139 ռուս դիվանագետի արտաքսման մասին:

Ռուսաստանի ԱԳՆ-ն այս կապակցությամբ խոստացել է համարժեք պատասխան տալ ինչպես դիվանագետների արտաքսմանը, այնպես էլ Սիեթլում ՌԴ գլխավոր հյուպատոսության փակմանը:

Իհարկե, այս ամենը բացասական ազդեցություն կունենա Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վրա, սակայն պետք է նկատել, որ Արևմուտքի կողմից հաջակցություն Լոնդոնին ռուս դիվանագետներին արտաքսելու մասին որոշումն ավելի շատ ցուցադրական քայլ է.  խոսքն ընդամենը արտաքսման, այլ ոչ թե դիվանագիտական առաքելության թվաքանակի կրճատման մասին է. արտաքսված դիվանագետներին կփոխարինեն նորերը:

Այսպիսով, Եվրոպային Ռուսաստանի դեմ համախմբելու Լոնդոնի փորձն անհաջող էր ոչ միայն ընտրված «պատժամիջոցի» առումով, այլ նաև այն փաստով պայմանավորված, որ ԵՄ անդամ ոչ բոլոր երկրներն են միացել Մոսկվայի դեմ այս արշավին:

Armedia.am