Ինչպես երիտթուրքերի ղեկավարությունը և անձամբ Թալեաթ փաշան ոտնկայս ծափահարեցին Կոմիտասին

Թուրքական «Yeshilgazete» թերթը հոդված է հրապարակել հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ Կոմիտասի կյանքի մասին` պատմելով, թե ինչպես է երիտթուրքերի ղեկավարությունը և անձամբ Թալեաթ փաշան ոտնկայս ծափահարել Կոմիտասին Թուրքիայում կայացած իր համերգի ժամանակ:

Համերգը տեղի է ունեցել 1915 թ. ապրիլի սկզբին, որին ներկա են եղել Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան և մշակույթի ու կրթության նախարար Ամդուլա Տանրովերն: Նրանք Կոմիտասին նկարագրել են հետևյալ խոսքերով.

«Անատոլիայի որդին, երկար տարիների աշխատանքի արդյունքում, թևեր տվեց հայկական երաժշտությանը: Հրաժարվելով հանգստանալուց` իր ամբողջ ժամանակը նա նվիրեց հեռավոր գյուղերից տարբեր աշխատանքներ հավաքելուն: Նա հավաքեց և ներկայացրեց հայերի մշակութային ժառանգությունը: Մեր պաշտոնյաներն ու արվեստագետները նույնպես պետք է այսպես վարվեն: Մենք պետք է ջանք գործադրենք թուրք հասարակության զարգացման համար»:

Թուրքական թերթը գրում է, որ Մշակույթի և կրթության նախարարը նույնպես բողոքել է, որ բոլոր ոլորտներում հայերն առաջատար դիրք են զբաղեցնում:

«Իրականությունն այն է, որ հայկական մշակույթը զարգանում է ավելի արագ, քան Օսմանյան կայսրության մշակույթը: Անատոլիայի ամեն անկյունում դուք կարող եք տեսնել հայերի տաղանդը: Նրանց աշխատանքները և ապրանքները գոչում են. «Մենք այստեղ ենք»: Ամենուրեք կարող եք հանդիպել հայ ճարտարապետի կամ ոսկերչի: Բոլոր գիտական գրքերը գրվել են հայերի կողմից: Հայերն այն մարդիկ են, որոնց հետ մենք ապրում ենք դարեր շարունակ», – ասել է թուրք նախարարը:

Այս խոսքերից հետո ողջ դահլիճը սկսեց ծափահարել Կոմիտասին: Ծափահարողների թվում էր  նաև Թալեաթ փաշան, որը մի քանի օր անց հրամայեց սկսել հայերի զանգվածային բնաջնջումը:

Ծափահարությունները չփրկեցին Կոմիտասին 1915 թ. ապրիլի 24-ից: Նա ձերբակալվեց և Սիամանթոյի ու Դանիել Վարուժանի հետ միասին նույն խուցը նետվեց : Հաջորդ օրը նա արտաքսվեց: Չնայած նրան, որ Կոմիտասը կարողացավ փախչել և նույնիսկ վերադառնալ Կոստանդնուպոլիս, սակայն նորմալ կյանքի վերադառնալ նրան այդպես էլ չհաջողվեց:  

Կյանքի վերջին 20 տարիները Կոմիտասն անցկացրեց Փարիզի Պոլ Գիրո հիվանդանոցի Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանում, որտեղ էլ և վախճանվեց 1935 թվականի հոկտեմբերի 21-ին:

Աղբյուրը` Allinnet.info