Գերմանիայի դեսպանատունն առայժմ նախկինի պես կշարունակի շենգենյան վիզայի դիմումների ընդունման գործընթացը

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը դեռ չի ցանկանում մեկնաբանել, թե ինչո՞ւ Հայաստանի արդարադատության նախարարությունը ժամանակավորապես կասեցրեց «Վիզամետրիկ» ընկերության աշխատանքը։

«Ազատությանը»  պարզաբանում տալու համար այսօր՝ ապրիլի 4-ին, դեսպանն անձամբ շտապեց տեղեկացնել՝ շենգենյան վիզայի դիմումների ընդունման գործընթացը դեռ կկատարվի նախկինի պես, փաստաթղթերը կընդունի դեսպանատունը։ Իսկ թե ինչ կլինի հետո ցույց կտա ժամանակը՝ լրացրել է Քիսլերը։

Մարտի 28-ին Գերմանիայի դեսպանը հայտարարել էր, թե վիզաների դիմումներն ապրիլի 3-ից պետք է ընդունի ռուս- թուրքական կոնսորցիում հանդիսացող «Վիզամետրիկը»: Այս հայտարարությունը քաղաքացիների շրջանում անհանգստություն առաջացրեց։ Հաշվի առնելով ընկերության ծագումը՝ մտավախություն կար, որ, ըստ էության Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող պետությանը հասանելի են դառնալու դեսպանատուն դիմած հայաստանցիների անձնական տվյալները։

«Մենք չենք թաքցրել այդ փաստը, որ ընկերությունն իրոք ռուս-թուրքական ծագում ունի։ Բայց պետք է սպասենք, թե գործընթացն ինչպես կընթանա», – «Ազատության» հետ զրույցում նշել է Մաթիաս Քիսլերը:  «Եվ ես այս պահին չեմ կարող ասել, արդյոք մենք նորից կընդունենք վիզաների դիմումները, թե կկարողանանք ինչ-որ լուծում գտնել հետագայի համար։ Ուզում եմ նորից ասել՝ համաձայնագիրը, որը կնքվել է Գերմանիայի արտգործնախարարության և «Վիզամետրիկի» միջև, նախատեսում է, որ անձնական տվյալների պաշտպանվածությունը լինելու է ամենաբարձր մակարդակի և ես կարող եմ վստահեցնել՝ դրանք չեն կարող երրորդ անձի անցնել»:

Կաշխատի՞ «Վիզամետրիկը» Հայաստանում, թե ոչ, պարզ կդառնա միայն Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ուսումնասիրության ավարտին։ Մարտի 30-ին ուշ երեկոյան կառույցը հաղորդագրություն տարածեց, հայտնելով, որ ուղեփակում է ընկերության աշխատանքը մինչև հստակեցումը՝ արդյոք ռուս֊թուրքական «Վիզամետրիկ»-ի կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում է Հայաստանի օրենսդրությանը։

«Ազատության» հետ զրույցում գործակալության պետի պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանը նշել է՝ «Վիզամեկտրիկի» գործունեության ժամանակավոր կասեցումը նախատեսված է օրենքով և հանրային հետաքրքրվածության հետ կապ չունի։

Հարցին, թե ի՞նչ վտանգներ են տեսել «Վիզամետրիկի» աշխատանքում, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնակատրն արձագանքել է՝ ամեն ինչ կախված է «Վիզամետրիկի» պատասխանից։ Ինչ վերաբերում է ընկերության ծագմանը, ապա պետի խոսքով՝ այդ հանգամանքը չէ որ դարձել է ստուգում իրականացնելու առիթ։ Փոխարենը վերջնական որոշում կայացնելու հարցում գործակալությունն անպայման հաշվի կառնի, որ Անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ ապահովող պետությունների ցանկում Թուրքիան ընդգրկված չէ:

«Գերմանիայի դեսպանատունը ինքն է որոշելու, թե ինչպիսի ու ինչ միջոցներով իրականացնի իր գործունեությունը, դա բացառապես իր իրավազորության ներքո է, բայց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության իրավազորության ներքո է արգելելու ցանկացած մեկին Հայաստանում, ով անձնական տվյալներ է մշակում ոչ օրինական հիմքերով, այլևս չմշակել այդ անձնական տվյալները»,-ասել է նա: