Ինչպես են գերմանացի սպաներն օգնել թուրքերին կոտորել հայերին. զեկույց

Գերմանիայի Ռեյխն Օսմանյան կայսրությանը զենքեր է տրամադրել Հայոց ցեղասպանության իրականացման համար: Այս մասին գրում է գերմանական Deutsche Welle-ն՝ հղում կատարելով Global Net – Stop the Arms Trade հետազոտական կենտրոնին։ Զեկույցի համաձայն՝ պրուսական սպաները նաև դրել են կոտորածի «գաղափարական հիմքերը»:

Զեկույցում նշվում է, որ թուրքական զորքերը Հայոց ցեղասպանությունն իրականացնելու համար հիմնականում օգտագործել են գերմանական հրացաններ և այլ զինատեսակներ: Գերմանական Mauser ընկերությունը, որը Գերմանիայի հիմնական զենքի արտադրողն է եղել երկու համաշխարհային պատերազմներում, Օսմանյան Թուրքիային միլիոնավոր հրացաններ և ատրճանակներ է տրամադրել, որոնք գերմանացի սպաների ակտիվ աջակցությամբ օգտագործվել են Ցեղասպանության ժամանակ:

«Գերմանացի սպաները, որոնք ծառայել են թուրք-օսմանյան զինվորական անձնակազմում, ակտիվորեն օգնել են իրականացնել սպանությունները:

Հարձակվողների մեծ մասը զինված է եղել Mauser հրացաններով կամ կարաբիններով, սպաները՝ Mauser ատրճանակներով: Շատ գերմանացի սպաներ կոտորածների ականատես են եղել և գրել են դրանց մասին իրենց ընտանիքներին ուղղված նամակներում»,- ասված է զենքի առևտրի դադարեցման օգտին հանդես եկող Global Net – Stop the Arms Trade կազմակերպության զեկույցում:

Հրացաններից և ատրճանակներից բացի՝ թուրքական բանակը նաև զինված է եղել Krupp ընկերության արտադրած հարյուրավոր հրանոթներով, որոնք 1915-ին օգտագործվել են Մուսալեռում հայերի զինված դիմադրությունը ճնշելու ժամանակ:

Լրատվամիջոցը գրում է, որ 2015 թվականին Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն ընդունել է Հայոց ցեղասպանության համար Գերմանիայի կիսած պատասխանատվությունը, իսկ նույն տարում լրագրող Յուրգեն Գոտշլիխի հրապարակած գիրքը մանրամասնել է Օսմանյան կայսրության համար Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր արևելյան դաշնակից` Գերմանիայի տրամադրած ռազմական խորհուրդների մանրամասները: GN-STAT-ի նոր զեկույցը, սակայն, առաջինն է, որ մանրամասներ է ներկայացնում Mauser-ի և Krupp-ի տրամադրած նյութական աջակցության ծավալների մասին:

«Mauser-ն իսկապես Օսմանյան կայսրությունում ատրճանակների մենաշնորհ ուներ»,- այս մասին ասում է Գերմանիայի կողմից զենքի արտահանման մասին ֆիլմերի հեղինակ Վոլֆգանգ Լանդգրեբերը: Նրա խոսքով` այժմ այն չի գործում որպես ընկերություն, բայց Krupp-ի իրավահաջորդը՝ գերմանական ThyssenKrupp պողպատ արտադրող հսկան, երբեք հրապարակային չի խոստովանել Ցեղասպանությունում իր ունեցած դերը:

Զեկույցում նշվում է նաև, որ այդ տարիների մասին շատ վկայություններ է թողել կայսերական բանակի մայոր Էբերհարդ Վոլֆսքելը, ով մասնակից է եղել հայ բնակչությանը սպանելու ծրագրին: Նա Ֆահրի փաշայի` Չորրորդ թուրքական բանակի հրամանատարի տեղակալի օրոք շտաբի պետ է եղել։

«Հայերը եկեղեցու հարավային մասի տներում էին։ Երբ հարվածեց հրետանին, շատերը տներում մահացան, մնացածները փորձեցին թաքնվել եկեղեցում։ Բայց նրանք պետք է վազեին եկեղեցու բաց բակով, որը նույնպես նշանառության տակ էին վերցրել մեր հետևակները։ Վազողների վրա կրակում էին։ Հետևազորը, որը ես օգտագործում էի հիմնական հարվածի համար, իրեն շատ լավ դրսևորեց և արագ առաջ շարժվեց…», - կնոջն ուղղված նամակում գրել է մայորը։