Արցախի նախագահի հայտարարությունը ոչ միայն քաղաքական, այլ նաև հումանիտար նշանակություն ունի

Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցն ԱՄՆ լայն լուսաբանվեց ԶԼՄ-ներով և շատ քննարկումների առիթ դարձավ: Վերջին զարգացումներից մեկը նախագահ  Սահակյանի հարցազրույցն էր, որտեղ վերջինս խոսել է նաև ադրբեջանցի փախստականների վերադարձի վերաբերյալ:

Արցախի նախագահի այն հայտարարությունը, թե ադրբեջանցի փախստականները կարող են ցանկացած պահի վերադառնալ, եթե ճանաչեն Արցախի Հանրապետությունն ու դրա իրավազորությունը, շատ կարևոր ու խորհրդանշական է: Այս հայտարարությունը ոչ միայն քաղաքական, այլև մեծ հումանիտար նշանակություն ունի:

Սրանով Արցախի ղեկավարը ցույց է տալիս, որ ի տարբերություն Ալիևի, ով թշնամի է անվանում աշխարհի բոլորի հայերին ու հայատյացություն սերմանում հասարակության շրջանում դեռ դպրոցական տարիքից, Արցախի իշխանությունները թշնամի չեն համարում ադրբեջանցիներին: Ըստ էության, Բակո Սահակյանն ասում է, որ Արցախի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ են ընդունել ադրբեջանցիներին, պատրաստ են ապրել նրանց կողքին, եթե վերջիններս պատրաստ լինեն ճանաչել Արցախի անկախությունը և վերադառնան այնտեղ ապրելու՝ որպես Արցախի քաղաքացիներ:

Եթե նույնիսկ սա այսօր ոչ իրատեսական է, միևնույն է դա չի նվազեցնում Արցախի ղեկավարի հայտարարության քաղաքական ու հումանիտար կշիռը: Արցախի ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշման համար, իր անկախության ճանաչման համար, այլ ոչ թե Ադրբեջանի ու առավել ևս ադրբեջանցի ժողովրդի դեմ: Եվ հակամարտության կարգավորման, տարածաշրջանում խաղաղության ու բարիդրացիական հարաբերությունների վերականգնման բանալին հենց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, Արցախի անկախության ճանաչման մեջ է: 

Աննա Կարապետյան