Ի՞նչ հնարավորություններ է ստեղծում խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը

ՀՀ Ազգային ժողովը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացմամբ, ըստ էության, լիարժեք կյանքի է կոչվում մեր դիվանագիտության կողմից հռչակված «և…և»-ի սկզբունքը: Եթե առաջին «և»-ը Եվրասիական միությանն անդամակցությունն էր, ապա այժմ՝ համաձայնագրի կիրարկման մեկնարկով, իրականություն է դառնում երկրորդ «և»-ը:

Հատկանշական է նաև այն, որ, չնայած համաձայնագրի շուրջ տարաբնույթ շահարկումներին, խորհրդանի կողմից այն վավերացվեց միաձայն, ինչն, ըստ էության, հաստատում է, որ եվրաինտեգրման կարևորության գիտակցման հարցում խորհրդարանական ուժերի շրջանում կա միակարծություն:

Համաձայնագրի վավերացումն ունի նաև կիրառական կարևորություն՝ հաշվի առնելով, որ այն ունի հատուկ դրույթ համաձայնագրի ժամանակավոր կիրարկման վերաբերյալ: Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին եվրոպական կողմը ծանուցել է Հայաստանին, որ Ազգային ժողովի կողմից համաձայնագիրը վավերացնելուց հետո այն դրույթները, որոնք վերաբերում են ԵՄ (որպես կառույցի) իրավասությանը, ժամանակավորապես կարող են ուժի մեջ մտնել: Այսպիսով, ՀՀ Ազգային ժողովի կողմից համաձայնագրի վավերացումից հետո, նրա զգալի հատվածն արդեն հունիսից ժամանակավորապես ուժի մեջ կմտնի, անգամ առանց եվրոպական կողմի վավերացման: Ինչ վերաբերում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների և եվրախորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացին, ապա այն, ամենայն հավանականությամբ, կպահանջի որոշակի ժամանակ՝ պայմանավորված եվրոպական բյուրոկրատական համակարգի առանձնահատկություններով, միջազգային համաձայնագրերի վավերացման ներպետական ընթացակարգերով, համաեվրոպական օրակարգի առաջնահերթություններով: Այնուամենայնիվ, գործընթացն արդեն մեկնարկել է և ունենք Էստոնիայի խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացումը: Գործընթացին որոշակի արագություն հաղորդելու նպատակով անհրաժեշտ է առավել ակտիվացնել աշխատանքը ԵՄ գործընկերների հետ, առանձին երկրների դեպքում՝ կիրառելով նաև լոբբիստական լծակները:

Նարեկ Մինասյան