ԱՄՆ նախագահ. «Պատրաստվիր, Ռուսաստան, հրթիռները գալու են»

Լուսանկարը` Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում բացահայտորեն սպառնացել է Ռուսաստանին` հայտարարելով հրթիռային հարված հասցնելու մասին: Այս մասին հայտնում է mk.ru-ն:

«Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի ուղղությամբ արձակված բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր, Ռուսաստան, որովհետև դրանք շուտով կգան: Դրանք լավն են, նորը և խելացի»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նաև նշել է, որ պետք չէ աջակցել «կենդանուն», որը գազով սպանում է իր քաղաքացիներին և հաճույք ստանում դրանից:

Նշենք, որ ավելի վաղ ռուս պաշտոնյաները հայտարարել էին, որ Մոսկվան պատրաստ է խոցել Սիրիայի ուղղությամբ արձակված հրթիռները:

Արևմուտքը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին Դամասկոսի մերձակա Դումա քաղաքում խաղաղ բնակչության վրա զարինով և քլորով ռումբեր նետելու  մեջ, որի հետևանքով 40-70 մարդ է զոհվել: