Եվրախորհրդարանը մայիսի կեսին համաձայնություն կտա ՀՀ-ԵՄ համաձայնագրին

Լուսանկարը` EUobserver

2018 թվականի ապրլի 11-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 95 կողմ ձայնով միաձայն վավերացրեց նոր ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը մեր քաղաքական, տնտեսական ու ոլորտային երկկողմ համագործակցության իրավական հիմքն է: Այս մասին ասված է Հայաստանում ԵՄ ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում:

Վավերացումից հետո համաձայնագրի ժամանակավոր կիրառությունն ուժի մեջ կմտնի: ԵՄ անդամ երեք պետություն (Էստոնիա, Լիտվա ու Լատվիա՝ առաջին ընթերցմամբ) արդեն վավերացրել են համաձայնագիրը, մյուսներում ընթանում են վավերացման գործընթացներ: Ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդարանը մայիսի կեսին համաձայնություն կտա համաձայնագրին և կընդունի իր դիրքորոշումն արտահայտող ոչ օրենսդրական բանաձև: ՀՀ կառավարությունը ներկայումս պատրաստում է համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզ, հատկապես մի շարք ոլորտներում օրենսդրության մոտարկման համար: Նոր համաձայնագիրը նախատեսում է ամուր հիմք բարեփոխումների ընդլայնման և Հայաստանի արդիականացման համար, ինչը պահանջում է հաստատուն հանձնառություն: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին: