Ի՞նչ հարաբերություններ են ունեցել հայերն ու չինացիները վաղընջական ժամանակներից

Հայերն ու չինացիները միմյանց գոյության մասին գիտեին դեռևս անհիշելի ժամանակներից: Հայաստան բառը չինարենով հնչում է “Յա-մեյ-նի-յա”, որի հիերոգլիֆները նշանակում են “Ասիայի գեղեցիկ միանձնուհի”:

Հայկական պատմական աղբյուրներում, լեգենդներում և հեքիաթներում Չինաստանն անվանել են չեների երկիր, Չինումաչին,Չինաստան:

Ըստ պատմական աղբյուրների` բազում հավաստի տեղեկություններ են պահպանվել այն մասին, որ հայերը առևտրական նպատակներով են ուղևորվել Չինաստան` այնտեղից մետաքս, ճենապակի և այլ չինական ապրանքներ գնելու համար: Իսկ Չինաստանում, իրենց հերթին, մեծ պահանջարկ են վայելել հայկական դեղամիջոցները, բուսական և հանքային ներկերը՝ հատկապես որդան կարմիրը, որով ներկել են չինական և հնդկական լավագույն մետաքսների տեսականին:

Մետաքսի ճանապարհով Հայաստան են բերվել ոսկե և արծաթե թելերով ասեղնագործված տարատեսակ չինական գործվածքներ:

Վաղ միջնադարյան հայ-չինական տնտեսական հարաբերությունների մասին են վկայում Գառնիի, Դվինի, Անիի, Ամբերդ ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերված չինական ճենապակին, սելադոնիտը:

Որոշակի կապեր են եղել միջնադարյան հայկական և չինական գեղանկարչությունների միջև: Կլիկիայի դպրոցի մանրանկարներում առկա են չինական վիշապներ, առյուծաշների պատկերներ: Իսկ Վասպուրականի գեղանկարչությունում չինական կենցաղային առարկաներ են հաճախ պատկերել:

Չինաստանի մասին իրենց աշխատություններում հիշատակել են պատմաբաններ Մովսես Խորենացին, Անանիա Շիրիկացին, Կիլիկիայի թագավոր Հեթումը, որտեղ մանրամասն բնութագրվում է Չեների երկիրը, նրա բնությունը, մշակույթը, ժողովուրդները և նրանց ավանդույթները:

Կա նաև լեգենդ այն մասին, որ Մամիկոնյան և Օրբելյան իշխանական տոհմերը չինական ծագում ունեն, որի մասին վկայություններ ունի Մովսես Խորենացին.

“Ասում են, որ Շապուհի ժամանակներում է Հայաստան եկել Մամիկոնյան ցեղի նախնին, հյուսիսային արևելքից քաջատոհմիկ և գլխավոր աշխարհից՝ չեների երկրից”:

Չինաստանում առաջին հայկական գաղութները սկսել են կազմավորվել 13-րդ դարի սկզբին՝ մոնղոլների կողմից Հայաստանը զավթելուց հետո: Այդ ժամանակ հայերը, շարժվելով դեպի երկրի խորքերը, հասել են մինչև Խաղաղ օվկիանոս և հիմնավորվել Կանտոն քաղաքում:

Հայերը քաջատեղյակ են եղել Հնդկաստան և Չինաստան տանող ճանապարհներին, տիրապետել են տեղի լեզուներին, իմացել են տեղի բնակչության ավանդույթները և առանձնահատկությունները: Այդ պատճառով շատ եվրոպացիներ հայերին վարձել են որպես ուղեկցորդ և թարգմանիչ՝ այդ երկրներ բարեհաջող մուտք գործելու համար:

Ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը նշել է, որ 17-18-րդ դարերում հայերն օգտվելով չինական իշխանությունների հովանավորությունից և բնակչության համակրանքից, բարձր դիրքեր են գրավել երկրի տարբեր շրջաններում:

“Չինաստանն իր դռները միշտ փակ է պահել օտարերկրացիների՝ մանավանդ քրիստոնյաների առջև: Սակայն հայերը բացառություն են կազմել և օգտվել են բացարձակ ազատությունից: Հայ վաճառականն այնքան սովորական երևույթ էր Չինաստանում, որ ճիզվիտ քարոզիչները երկրում ազատ տեղաշարժվելու նպատակով հագնում էին հայ վաճառականների զգեստներ”, – գրել է Աճառյանը:

Աղբյուրը` Allinnet.info