Կարո Փայլանը կոչ է արել թուրքերին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայում քրդական Ժողովրդադեմոկրատական կուսակցության փոխհամանախագահ և ԹԱՄԺ-ում հայազգի պատգամավոր Կարո Փայլանը օրենքի առաջարկ է ներկայացրել մեջլիս, որով պահանջում է որպես ցեղասպանություն ճանաչել 1915 թ. և դրանից հետո տեղի ունեցած դեպքերը, վերանվանել այն հասարակական վայրերը, որոնք կոչվել են Ցեղասպանության կազմակերպիչների անուններով, ինչպես նաև` քաղաքացիություն շնորհել Մեծ եղեռնից տուժած ընտանիքների սերունդներին: Այդ մասին հայտնում է Akunq.net-ը` հիմնվելով Կ.Պոլսի հայկական «Ակօս» շաբաթաթերթում հրապարակված տեղեկության վրա:

Աղբյուրի համաձայն` Փայլանն օրենքի իր առաջարկի սկզբում և վերջում մասնավորապես նշել է.

«Տեղահանության օրենքը մեծ ավերածությունների տեղիք է տվել ասորիների, քաղդեացիների, եզդիների և հատկապես հայերի համար: Տեղահանության օրենքի պատճառով խիստ մեծ թվով կյանքի կորուստներ են գրանցվել, և փոխվել է այս տարածքների ժողովրդագրությունը: Սույն օրենքի գործադրման հետևանքով մեծ թվով մշակութային հարստություններ և սեփականություն են բռնագրավվել:

Թուրքիայի պաշտոնական թեզի համաձայն` 1915 թ. տեղի ունեցած դեպքերը ոչ թե կոտորած/ջարդ կամ ցեղասպանություն են, այլ` «բնականորեն ձեռնարկված մի ռազմական միջոց»: (…) Ժխտումը սովորական է դարձրել ատելության հետևանքով կատարված հանցագործությունները և Թուրքիայի Հանրապետության ամբողջ պատմության ընթացքում փոքրամասնությունների նկատմամբ բազմաթիվ ատելության ոճրագործությունների տեղիք տվել:

Ցեղասպանությունից փրկված հայերն արդեն 103 տարի է, որ պայքարում են արդարության վերականգման համար: Աշխարհում տասնյակ պետությունների և նահանգների խորհրդարաններ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն Ցեղասպանությունից տուժած միլիոնավոր հայերի երեք սերունդ հեռացել է կյանքից` առանց արդարության վերականգնումը տեսնելու:

Այս հողերում կատարված ցավալի դեպքերն այլևս պետք է իրենց անվամբ կոչվեն, Ցեղասպանությունը` նախ ճանաչվի Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից: Այդ ճանաչումը խիստ կարևոր քայլ կլինի` մեր երկրի կողմից իր անցյալի հետ առերեսելու ուղղությամբ, իսկ Հայոց ցեղասպանությունից տուժածները, թեկուզ և ուշացումով, այնուամենայնիվ կհասնեն արդարության վերականգմանը»: