Պուչդեմոն. Կատալոնիայում անկախության համար մղվող պայքարը շարունակվում է

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը The Times-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Կատալոնիայում անկախության համար մղվող պայքարը շարունակվում է, հայտնում է Elnacional.cat-ը: Պուչդեմոնն ափսոսանք է հայտնել, որ հանրաքվեից անմիջապես հետո չի հայտարարել տարածաշրջանի անկախության մասին:

«Մենք հուսով էինք, որ ժողովրդավարությունից 40 տարի անց և Եվրամիությանն անդամակցելուց հետո նոր սերունդ է եկել: Սակայն մենք սխալվեցինք: Ես տեղեկություն ունեի, որ դիվանագիտական երկխոսության համար պատուհանը կբացվի, եթե մենք որևէ անդառնալի որոշում չընդունենք: Հարցերի լուծման ժամանակ ես միշտ նախապատվությունը տալիս եմ երկխոսությանը և հենց այդ պատճառով ես դանդաղեցի, բայց դա սխալ էր: Որևէ երկխոսություն երբևէ չէր նախատեսվում, իսկ մեկ շաբաթից մենք ամենավատ վիճակում էինք հայտնվել: Դա իսպանական կառավարության կողմից իսկական անպատասախանատու խաբեություն էր», – նշել է նա:

Ի պատասխան այն հարցին, թե պատրաստ է արդյոք նա Իսպանիա վերադառնալ` Պուչդեմոնը ասել է. «Ոչ, քանի որ բանտում ես առանց խոսքի գերի կդառնայի»: