Եվրախորհրդարանը հավանություն է տվել ԵՄ-Հայաստան գործընկերության համաձայնագրին

Լուսանկարը՝ Medium

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չորեքշաբթի հավանության է արժանացրել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ տարբեր ոլորտներում առավել խոր համագործակցություն ծավալելու հնարավորություն ընձեռելով:

Հանձնաժողովի անդամները ԵՄ-Հայաստան համաձայնագիրը հավանության են արժանացրել 55 կողմ, 2 դեմ և 7 ձեռնպահ ձայնով:

Նշվում է, որ գործընկերության համաձայնագիրը վերջնական կետ չէ ԵՄ-Հայաստան հարաբերություններում, այլ գործիք ներքին բարեփոխումներ իրականացնելու համար:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Հայաստանին կոչ են անում էական առաջընթաց գրանցել մամուլի ազատության, դատական համակարգի անկախության, կոռուպցիայի դեմ պայքարի, փողերի լվացման, հարկերից խուսափելու և չարաշահող օլիգարխիկ վերահսկողության ոլորտներում:

Նրանք հիշեցնում են, որ ԵՄ արժեքներից շեղվելը, ինչպիսիք են մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը, կարող է, այնուամենայնիվ, հանգեցնել համաձայնագրի կասեցմանը:

Արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամները շնորհավորել են Հայաստանի քաղաքացիներին վերջերս երկրում տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցման համար և ողջունել են իրավապահ մարմիների ցուցաբերած զսպվածությունը, թեև խաղաղ ցուցարարների որոշ անհիմն ձերբակալություններ մտահոգության առիթ են տալիս: Եվրապատգամավորները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ընդլայնված համագործակցության հույս հայտնել:

Հանձնաժողովի անդամները ափսոսանք են հայտնում, որ համաձայնագիրը թույլ չի տալիս վերացնել սակագնային արգելքները՝  Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պատճառով: Այնուամենայնիվ, նրանք ընդգծում են, որ դա չի խանգարի ԵՄ-ին դառնալու Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը և առաջին դոնորը՝ այդպիսով ցույց տալով, որ ԵՄ-ն նախապայման չի համարում գործընկերների հետ հարաբերությունները խորացնելու համար երրորդ կողմի հետ վերջինիս հարաբերությունները:

Եվրախորհրդի պատգամավորները հանձնաժողովին կոչ են արել հավաստիանալ, որ Հայաստանին ուղղված օգնությունը չի առնչվի ռուսական պատժամիջոցներին:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել 2018-ին երկու երկրում կայանալիք ընտրություններից հետո արագացնել բանակցությունների տեմպերն ու արդյունքները՝ « պատմություն կերտելու՝ վերջ դնելով հակամարտությանը, որը ռազմական լուծում չի կարող ունենալ»: Նրանք աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են բարձր մակարդակով բանակցությունների անցկացմանը և հարևանության հաստատմանը: