Կատալոնիան ընտրեց նոր ղեկավարի. կփոխի՞ ինքնավարության անկախանալու կուրսը

Լուսանկարը՝ REUTERS/Albert Gea

Արտահերթ խորհրդարանական ընտրություներից մոտ 5 ամիս անց Կատալոնիայի խորհրդարանին հաջողվեց տարածաշրջանի կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրել  «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցության ներկայացուցիչ 55-ամյա Կիմ Տորային: Նրա թեկնածությունը մայիսի 14-ին կայացած քվեարկության երկրոդ փուլի ժամանակ հաստատվեց խորհրդարանի պարզ մեծամասնության կողմից՝ կողմ քվեարկել է 66, դեմ՝ 65 պատգամավոր: Սակայն պետք է նկատել, որ Տորան իրեն համարում է տարածաշրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար և համարում է, որ Կատալոնիայի լեգիտիմ ղեկավարը Կառլես Պուչդեմոնն է, ով այժմ սպասում է գերմանական դատարանի որոշմանն իրեն Իսպանիային արտահանձնելու մասին:

Խորհրդարանում իր ծրագրային ելույթի ժամանակ Տորան կոչ է արել իրականացնել «հոկտեմբերի 1-ի մանդատը» և ստեղծել «Հանրապետություն բոլորի համար»: Նա նաև առաջարկել է ստեղծել վտարանդի կառավարություն՝ Հանրապետության խորհուրդ, իսկ  Կատալոնիայում առաջարկել է ստեղծել խորհրդարանին զուգահեռ մարմին՝ Ընտրված ներկայացուցիչների ասամբլեա: Չնայած իր ծրագրային ելույթում Տորան բավականին մեծ անդրադարձ է ունեցել նաև տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ իսպանամետ ուժերը և մասնավորապես կատալոնական խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը «Քաղաքացիներ» կուսակցությունից, Տորայի ելույթը որակել են որպես ծայրահեղ ազգայնական: Այս կապակցությամբ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը բոլորին հանդարտության կոչ է արել և խոստացել, որ սահմանադրությունը և մնացած օրենսդրական ակտերը կիրականացվեն:

Այսպիսով, ամենայն հավանականությամբ, կատալոնական ճգնաժամն առաջիկա ամիսներին դժվար թե հնարավոր լինի հարթել. ակնհայտորեն նոր իշխանությունները շարունակելու են նախորդների՝ անկախ պետություն ստեղծելու գործը, իսկ Մադրիդը շարունակելու է բոլոր հնարավոր միջոցներով ընդդիմանալ:

Հիշեցնենք, որ Տորայի նախորդը՝ Կառլես Պուչդեմենը, Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնից Մադրիդի կողմից հեռացվել էր 2017 թվականի հոկտեմբերի 1-ին ակցկացված անկախության հանրաքվեից հետո, որ Մադրիդը համարում է անօրինական:

Armedia.am