Լիտվայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լուսանկար՝ LRS

Լիտվայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացրել է Լիտվայում (համատեղության կարգով նաև՝ Լատվիայում և Էստոնիայում) ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Լիտվայի Սեյմասը 2-րդ ընթերցմամբ վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ 89 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Էստոնիայից և Լատվիայից հետո Լիտվան երրորդ ԵՄ անդամ պետությունն է, որը վավերացնում է այս պատմական համաձայնագիրը»,- գրել է Մկրտչյանը: