Ռուս պրանկերների՝ Փաշինյանի անունից Բրիտանիայի ԱԳ նախարարին զանգելու դեպքով հետաքննություն կսկսվի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ հետաքննություն է սկսվելու ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովի ու Ալեքսեյ Ստոլյարովի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույց ունենալու գործով, հաղորդում է Reuters-ը:

Մեյի խոսնակն ասել է, որ հետաքննություն կիրականացվի նման դեպքերը հետագայում բացառելու նպատակով:

18 րոպե տևողությամբ հեռախոսազրույցի ընթացքում պրանկերները Ջոնսոնի հետ քննարկել են Ռուսաստանի հետ հարաբերությունները, Իրանի միջուկային գործարքը, Սիրիայի հետ պատերազմը:

Պրանկերներից մեկը, խոսելով Հայաստանի նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից, հայտնել է, որ պատրաստվում է հանդիպել ՌԴ նախագահին և խորհուրդ է հարցրել Ջոնսոնից, թե ինչպես պետք է շփվի Պուտինի հետ: