Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի 176 միլիոն եվրոյի աջակցություն

Լուսանկարը՝ Armencom.be

Հայաստանն ընթացիկ տարում Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրի շրջանակում կստանա 36 միլիոն եվրո դրամաշնորհ, ինչը 10 միլիոն եվրոյով ավելացնելու հնարավորություն կա: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը:

«2017-2020 թվականներին Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի 176 միլիոն եվրոյի աջակցություն: Բայց Հայաստանը կարող է նաև ֆինանսավորում ստանալ հովանոցային ծրագրից, եթե լուրջ առաջընթաց գրանցի խորքային, կայուն ժողովրդավարության համաձայնեցված բարեփոխումների ոլորտում, այսպես կոչված, «ավելին ավելիի» դիմաց սկզբունքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նախարարի տեղակալը:

Պաշտոնյայի խոսքով՝ չորս տարվա ընթացքում նախատեսվող 176 միլիոն եվրոյի աջակցությունը կուղղվի տնտեսական զարգացման և շուկայական հարաբերությունների բարելավմանը, արդյունավետ կառավարմանը, էներգետիկ արդյունավետության ու կլիմայի փոփոխության խնդիրներին, մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներին: