Ադրբեջանական ռեժիմն առևանգում և սպանում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս. Լապշին

Լուսանկարը` РИА Новости

«Ադրբեջանական ռեժիմն առևանգում և սպանում է բոլոր նրանց, ովքեր իրեն դուր չեն գալիս». այսպես է վերնագրված ռուս-հրեական ծագմամբ բլոգեր Ալեքսանդր Լապշինի «Le Monde» օրաթերթում հրապարակված հոդվածը, որտեղ նա պատմում է Ադրբեջանի բանտում իր ամենօրյա տանջանքների և հալածանքների մասին, փոխանցում է «Արմենպրես»-ը։

Ալեքսանդր Լապշինը պատմում է, որ ինքն աշխարհով մեկ ճանապարհորդող բլոգեր է, ով եղել է ավելի քան 130 երկրում։ Չի հետաքրքրվում քաղաքականությամբ, սիրում է խաղաղությունը, բնությունը, պատմությունը, գեղեցիկ կանանց և լավ սնունդ։ Նույնիսկ իր վատագույն մղձավանջներում չի պատկերացրել, որ կարող էր դառնալ երկու կոշտ բռնապետերի քաղաքական խաղի զոհ։

Բլոգերի խոսքով, կարևոր է հստակեցնել, որ եթե Բելառուսն իրավական պետություն լիներ, երբեք չէր զբաղվի իր ձերբակալությամբ, արտահանձնմամբ և դատապարտմամբ։ Ալեքսանդր Լապշինը պնդում է, որ ինքը չի խախտել Բելառուսի  օրենքներից և ոչ մեկը, իսկ Ադրբեջանի և Բելառուսի միջև արտահանձնման վերաբերյալ միակ կոնվենցիայում ամրագրված է, որ քաղաքական դրդապատճառների վրա հիմնված արտահանձնման ցանկացած հայց պետք է մերժվի։

Ռուս բլոգերը 7 ամիս անցկացրեց ադրբեջանական բանտերից մեկի մեկուսարանում, ինչը նա միջազգային իրավունքի խախտում է համարում: Պատմում է, որ մեղադրվել է Հայաստանի Հանրապետության տարածքից «ապօրինի կերպով Ղարաբաղ մտնելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ»: Բլոգերն ավելացնում է, որ դա անելու այլ տարբերակ չկա, քանի որ 1993 թվականից ի վեր Ադրբեջանի և Ղարաբաղի միջև սահմանը փակ է: Մեղադրանքը հիմնվում էր այն փաստի վրա, որ իր հոդվածներում հավասարապես օգտագործել է թե՛ ադրբեջանական Ղարաբաղ, թե՛ հայերի կողմից օգտագործվող Արցախ  տեղանունները։

Ռուս բլոգերը խոսել է նաև Բաքվում իր դեմ հարուցված դատական գործի ընթացքում հակասեմական ակնարկների մասին։ Նա նշել է, որ լսումների մեծ մասը միտումնավոր կերպով կազմակերպվում էին Հոլոքոստի համար առանցքային ամսաթվերին։ Դատական գործընթացը սկսվեց 2017թ․ հունիսի 22-ին, ճիշտ նույն օրը, երբ 66 տարի առաջ Նացիստական Գերմանիան սկսեց գրավել ԽՍՀՄ-ը և կոտորել խորհրդային հրեաներին։ Երկրորդ լսումը տեղի ունեցավ 2017թ․ հունիսի 30-ին։ 1941թ․ հունիսի 30-ին սկսվեցին Ուկրաինայի Լվով քաղաքի հրեաների կոտորածները, որտեղից  սերում են նաև Լապշինի ծնողները։ Նրա հարազատների մեծամասնությունը սպանվել է այնտեղ, իսկ նրանց մարմինները նետվել են ընդհանուր փոսերի մեջ։ Երրորդ լսումը տեղի ունեցավ 2017 թ․հուլիսի 4-ին։ 1941 թ․ այդ նույն օրը սկսվեց Լատվիայի հրեաների բռնի գաղթը դեպի Սալասպիլս ճամբար, որտեղ վերջիններս դաժանորեն կոտորվեցին։ Լատվիայում հուլիսի 4-ը սգո օր է, մինչդեռ Ադրբեջանի ռեժիմի համար՝ առիթ հալածելու խաղաղություն և ճանապարհորդություններ սիրող մի հրեայի։