Ի՞նչ պետք է կրել ավելի ոճային և հարմարավետ լողափնյա տեսք ունենալու համար. հարցազրույց ոճաբան Գոգ Մունի հետ

 

Մոտենում է ամառային հանգստի շրջանը և դուք պատրաստվում եք մեկնել հանգստանալո՞ւ: Ամեն ինչ պլանավորել եք նախապե՞ս և ուզում եք հանգիստը լինի անթերի՞: Ուրեմն մի’ մոռացեք  նաև «արձակուրդային պահարան»-ը թարմացնելու հաճելի հոգսի մասին:

Իսկ թե ինչպես դա անել, կամ թե ինչը կօգնի ձեզ լինել տարբերվող և նորաձև 2018թ ամռանը, «Արմեդիա» ՏՎԳ-ն փորձել է պարզել «GMoonWear» նորաձևության տան հիմնադիր, դիզայներ Գոգ Մունի հետ:

—  Որո՞նք են 2018թ. ամռան` լողափի գլխավոր թրենդերը:

— Այո, մոտենում է ծովափնյա հանգստի շրջանը և ժամանակն է մտածել, թե ինչ պետք է կրել ավելի ոճային և հարմարավետ լողափնյա look ունենալու համար: Անգամ լողափում կարելի է տարբերվել յուրօրինակ ոճով: Արդեն մի քանի տարի  շարունակ նախապատվությունը տրվում է միատոն լողազգեստներին, սակայն 2018-ը խոստանում է լինել ավելի վառ և հետաքրքիր: Ակտուալ են լինելու ինչպես մոնոխրոմ, այնպես էլ կարմիր, վարդագույն, ծիրանագույն և կորալ գույների լողազգեստները: Տարվա գլխավոր ֆավորիտներից է լինելու արևի, ծովի երանգներ ունեցող ծովային հագուստը:

2018-ը կուրախացնի օրիգինալ պրինտերով: Շատ նորաձև են համարվում աբստրակտ նկարները, կենդանական և ծաղկային պրինտերը, մուլտֆիլմերի և ֆիլմերի հերոսների պատկերները ինչպես լողազգեստների, այնպես էլ ամառային հագուստի վրա:

Սակայն ինչպես միշտ նորաձևությունից դուրս չի գալիս դասականը: Սևի և սպիտակի ճիշտ համադրությունը թույլ է տալիս ընդգծել կազմվածքի առավելությունները՝ միևնույն ժամանակ խնամքով թաքցնելով թերությունները:

Նկատենք, որ աղջիկների մեծամասնությունը նախապատվությունը տալիս է բիկինի տեսակի լողազգեստներին, որոնք ավելի հարմարավետ են, քանզի մարզված մարմին ունենալու դեպքում ավելի գրավիչ են ի ցույց դնում կազմվածքը ու ավելի հարմար են արևայրուք ունենալու համար:

Քանի որ ցանկացած բան կրելիս կարևորը հարմարավետությունն  ու ինքնվստահությունն է, հետևաբար շատերը լողազգեստներից բացի մեծ ուշադրություն են դարձնում նաև ծովափնյա տունիկաներին, որի միջոցով հնարավոր է քողարկել մարմնի որոշ թերություններ: Այսպիսով 2018-ին այն համարվում է ամենաանհրաժեշտ իրերից մեկը, որն ընտրելուց անպայման պետք է ուշադրություն դարձնել կտորին, որ լինի բնական և շնչող: Չափազանց գրավիչ է, երբ տունիկան գունային առումով համադրված է լինում լողազգեստի հետ:

— 2017թ-ի  ամռան թրենդերից ի՞նչը չի եկել 2018թ:

— Այս տարի հրաժարվում ենք նեոնային գույներ ունեցող լողազգեստներից: Նորաձևություն են վերադառնում ռետրո ոճի լողազգեստները՝ բարձր գոտկատեղով, որոնք սազում են թե՛ պլյուս չափեր ունեցող աղջիկներին և կանանց, թե՛ սլացիկ կազմվածք ունեցողներին:

 — Իսկ ի՞նչ կասեք աքսեսուարների մասին:

— Իհարկե look-ը լրացնելու կարևորագույն կետը դետալներն ու աքսեսուարներն են: Look-ի կարևորագույն դետալներից են նաև գլխաշորն ու գլխարկը: Լողազգեստի հետ գունային համադրված գլխաշորը կամ ծղոտից մեծ գլխարկը իդեալական կլրացնեն ձեր ծովափնյա look-ը:

Կոշիկներից դիզայներներն այս տարի նախապատվությունը տալիս են տարբեր տեսակի սանդալներին շատ կապիչներով, ավելի մոտ սպորտային ոճին: Առավել թրենդային կլինեն «Յունի» և «հռոմեական» ոճի սանդալները:

Դե իսկ ինչ վերաբերում է պայուսակներին, դրանք պետք է լինեն մեծ և տարողունակ՝ հարմարավետությանը առավելագույնս նպաստելու համար: