Ջերի Թարխանյան` ամերիկյան բասկետբոլի «Թարք գիշատիչը»

Լուսանկարը` The New York Times

Ջերի Թարխանյանն` առավել հայտնի «Թարք գիշատիչ» մականվամբ, բասկետբոլի աշխարհում հայազգի կենդանի լեգենդներից է: Իր  մարզչական կարիերայի տարիներին նա 706 հաղթանակ է գրանցել և  198  պարտություն:

Ջերիի ծնողները Մալաթիայից էին:  Ցեղասպանությունից մազապուրծ փախչելուց հետո նրանք միմյանց հանդիպում են Լիբանանում, որտեղ էլ և ամուսնանում եմ, ապա տեղափոխվում ԱՄՆ` բնակություն հաստատելով Օհայո նահանգի Յուքլիդ քաղաքում:

1930 թվականի օգոստոսի 8-ին ծնվում է նրանց առաջնեկը, ում ի սկզբանե ցանկանում էին Գրիգոր անվանել՝ ի պատիվ Գրիգոր Լուսավորչի։ Մանուկ հասակում նրան այդպես էլ անվանում էին, թեև փաստաթղթերով նա Ջերի էր։

11 տարեկան հասակում մահանում է Ջերիի հայրը, և Թարխանյաններն ստիպված են լինում տեղափոխվել Կալիֆորնիա նահանգ։

Ընտանիքն ապրում էր աղքատության մեջ, և Ջերիի միակ զբաղմունքը բասկետբոլն էր։ Նա համարվում էր Փասադենայի լավագույն խաղացողը։ Եթե չլիներ նրա՝ գնդակն ուղիղ զամբյուղը գցելու ունակությունը, նրան քոլեջ անգամ մոտ չէին թողնի։ Սակայն այն հանրահայտության համար, որ նա բերում էր քոլեջին, ուսուցիչները վերջինիս գերազանց էին գնահատում և փոխադրում կուրսից կուրս:

Ջերին մարզչական կարիերան սկսել է Կալիֆորնիայի բասկետբոլային դպրոցում 1956 թվականին։ 1959-1961 թվականներին Կալիֆորնիայի Լանքաստեր քաղաքում մարզել է Antelope Valley Joint Union High School թիմը, այնուհետև 1961-1966 թվականներին` Ռիվերսայդի, իսկ 1966-1968 թվականներին՝ Փասադենայի քոլեջների թիմերը։

Հաջողությունները Թարխանյանին հայտնի դարձրին, և նա կնքեց իր առաջին պայմանագիրը բասկետբոլի առաջին լիգայի Shark թիմի հետ։ Մեկ տարվա ընթացքում Թարխանյանը նոր թիմ ստեղծեց, որը մտավ առաջատարների առաջին եռյակ։

«Ինձ համար միշտ էլ կարևոր է եղել գիտակցել, որ ես օգնում եմ երիտասարդներին մեծ սպորտ մտնել։ Մյուս մարզիչները նախընտրում են պատրաստի մարզիկների, ում միջոցով միլիոններ կարող են վաստակել։ Իսկ ես ինքս եմ ստեղծում մարզիկների։ Դա շնորհակալ առաքելություն է։ Հաճելի է գիտակցել, որ հարյուրավոր փայլուն մարզիկներ այսօր ինձ «Ուսուցիչ» են անվանում»,- ասել է Թարխանյանը:

Նշենք, որ Ջերի Թարխանյանի անվան հետ է կապված բասկետբոլային մի ամբողջ դարաշրջան։ Նա բասկետբոլի աշխարհում համարվում է կենդանի լեգենդ։ Ջերին հայտնի է եղել իր արտառոց վարքով.  հետևելով սաների խաղին նյարդերը հանգստացնելու նպատակով` գրեթե միշտ սրբիչն է կծել, ինչի պատճառով էլ դեղին մամուլը նրան Тowel biter (սրբիչ կծող) է անվանել:

Ջերի Թարխանյանը մահացել է 2015թ.-ի փետրվարի 11-ին` 84 տարեկան հասակում: Ցեղասպանության վերապրածի ընտանիքում ծնված և աղքատ կյանքով ապրած հայազգի Ջերիի անցած ճանապարհի և կերտած փառքի մասին միջազգային մամուլում բազմաթիվ անգլալեզու հոդվածներ կան “Jerry Tarkanian” որոնման ներքո: 2005-ին նա այցելել է Հայաստան, ինչը մեծ տպավորություն է թողել նրա վրա: