Հայկական ազգանվան պատճառով երգչուհի Զառայի հնարավոր այցը Բաքու սկանդալ է առաջացրել

Լուսանկարը` 7info.ru

Ռուսաստանաբնակ հայտնի երգչուհի Զառայի հնարավոր այցը Բաքու սկանդալ է առաջացրել Ֆեյսբուքի ադրբեջանական տիրույթում: Բանն այն է, որ Զառան ոչ միայն հայկական ազգանուն ունի, այլ նաև երգում է «Իմ Հայաստան» երգը, հայտնում  է PanArmenian-ը` հղում կատարելով  Jam-news.net-ին:

Սոցցանցում լուրեր են տարածվել, որ երգչուհուն հրավիրել են «Տապը» երաժշտական փառատոնին, որի գլխավոր կազմակերպիչն է ռուսաստանաբնակ ադրբեջանցի երգիչ, խոշոր գործարարի որդի և Ադրբեջանի նախագահի նախկին փեսա Էմին Ագալարովը:

Փառատոնն անցնելու է հուլիսի 26-29-ը: Փառատոնն անցկացվում է 2016-ից, որին միշտ մասնակցում են ռուսաստանյան շոու բիզնեսի աստղեր:

Զառան անցանկալի հյուր է Բաքվում, քանի որ նրա գրառումներն Instagram-ում միանշանակ Հայաստանի դիրքորոշման օգտին են: Մեկնաբանությունները հեգնականից մինչև ագրեսիվ են՝ ոմանք դա խայտառակություն են համարում, մյուսները անեծքներ տեղում, ոմանք էլ կոչ են անում Սերժ Թանկյանին ու SOAD-ին հրավիրել («Ամո՛թ և նրանց, ով հայ երգչուհուն Բաքու է հրավիրում, և նրանց, ով դա թույլ է տվել: Ինչպիսի՛ խայտառակություն», «Անիծված լինեք, դավաճաններ», «Ավելի լավ է Սերժ Թանկյանին ու SOAD-ին բերեք»):

Իսկ կառավարամետ կայքն «արդարացել է» այն պատրվակով, որ Զառան ոչ թե հայ է, այլ եզդի: