Մարկո Պոլոն և Հայաստանը

Լուսանկարը` Travel-advisor.eu

Միջնադարում չկար ոչ մի արիստոկրատ, որն իր տանը չունենար ամենահայտնի՝ «Աշխարհի հրաշալիքների գիրքը» աշխատությունը: Այն մինչ այսօր էլ ծառայում է որպես աշխարհագրական, էթնոգրաֆիկ և պատմական գիտելիքների արժեքավոր աղբյուր Հայաստանի, Չինաստանի, Ղազախստանի, Իրանի և այլ երկրների մասին: Գրքի հեղինակը վենետիկյան վաճառական Մարկո Պոլոն է, ով իր կյանքի ընթացքում հասցրել է լինել գրեթե բոլոր մայրցամաքներում:

Աշխատությունը հատկապես ուշագրավ տեղեկություններ է պարունակում Հայաստանի մասին: Նրանում Պոլոն նշում է, որ  Հայաստանը բաժանված է եղել Մեծ  և Փոքր Հայքի:

«Մեծ Հայքը հզոր երկիր է, այն սկսվում է Արզինգա (Երզնկա) քաղաքի մոտից, որտեղ արտադրվում է աշխարհում լավագույն բոկարանը (բրդյա գործվածք): Այստեղ կան նաև հիանալի բաղնիքներ ու այստեղ են աշխարհի լավագուն աղբյուրները: Երկրում բացառապես հայեր են բնակվում: Այստեղ կան բազմաթիվ մեծ ու փոքր քաղաքներ և գյուղեր, սակայն ամենակարևոր քաղաքը Երզնկան է` արքեպիսկոպոսի նստավայրը: Տրապիզոնի մոտ Բաբերդ (Բայբուրթ) կոչվող մի ամրոց կա: Այն գտնվում է թերակղզու բլրի վրա և շրջապատված է արծաթե հանքերով», – գրել է ճանապարհորդը:

Նշենք, որ Մարկո Պոլոն թերևս առաջին եվրոպացին էր, ով  արևմտյան աշխարհը ներկայացրել է աստվածաշնչյան Արարատ լեռան աննկարագրելի ու հրաշալի գեղեցկության ներքո:  Նա ցանկացել է աշխարհին փոխանցել, որ Արարատ լեռը Նոյյան տապանի վերջնական կանգառն է հանդիսանում:

«Լեռան գագաթը գրեթե միշտ ձյունածածկ  է. դժվար է բարձրանալը: Ձյունը գրեթե երբեք չի հալչում, հետևաբար այնտեղ մշտապես ձնահոսք է տեղի ունենում: Տաք եղանակներին լեռան ստորոտները պատվում են հարուստ և առատ խոտածածկով: Լեռն այնքան լայն է, որ ավելի քան երկու օր է պահանջվում այն շրջանցելու համար:

Փոքր Հայքում նույնպես  բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր կան: Այստեղ բնակիչների մեծամասնությունը որսորդներ են: Այստեղ Լայաս անունով ծովափնյա մի քաղաք է եղել, որը խոշոր առևտրային կենտրոն է հանդիսացել. արևելքից բոլոր ապրանքները (ոսկի, մետաքս, համեմունքներ) տեղափոխվել են այս քաղաքի միջով, որտեղ տարբեր երկրների առևտրականներ են հավաքվել », – գրել է Մարկո Պոլոն:

 Աղբյուրը` Allinnet.info