Ո՞ւր են անհետացել Վանի այն ժամանակվա պարտեզները

Լուսանկարը` Houshamadyan

«Սըհքեի սեխի բույրը հասնում էր կիլոմետրերի հեռավորությունից», «Քանի դեռ Վանում չէր գործում ցեմենտի գործարանը, մեր տները հողից էին պատրաստվում, շուրջբոլորը այգի ու պարտեզ էր», «Այգիներում տեսակ-տեսակ խնձորենիներ կային», «Բոլորը այգի ու պարտեզ ունեին, որի շնորհիվ ամեն տեսակ միրգ ու բանջարեղեն կգտնվեր, պահածո ասված հասկացությունը չկար»… Այս բոլոր խոսքերը պատկանում են մի ժամանակ այգիներով ու պարտեզներով հարուստ Վան քաղաքի մոտ անցյալին ծանոթ մարդկանց: Այժմ այդ Վանին փոխարինել է բետոնապատ մի քաղաք: Վանի տասնյակ, հարյուրավոր մրգի ու բանջարեղենի ծառերը չորացել են: Նրանց փոխարինել են անհամ միրգն ու բանջարեղենը:

Վանի շրջանի գյուղատնտեսության ու անտառային տնտեսության տնօրինության կողմից անցած ամիս սկսված և մեծ աջակցություն ստացած՝ անհետացման վտանգի տակ գտնվող տեղական մրգի տեսականու պատվաստման փորձերը Վանի բնակիչներին հիշեցրել էին քաղաքի մի կարևոր կորստյան մասին: Այդ հողերը, որոնք ոռոգվում էին ուրարտացիների ոռոգման համակարգի վրա կարևոր ինժեներական աշխատանքներ կատարելուց հետո ստեղծված համակարգով, որտեղ հայերը ժամանակին ամենաորակյալ խաղողը, ինչպես նաև՝ բազմատեսակ միրգ ու բանջարեղեն էին աճեցնում, ժամանակի ընթացքում բետոնապատվեցին, ու տեղական արտադրանքն անհետացավ:

Երբ Վանում աճեցվում էր Սըհքեի սեխի տեսականին ու Ֆիդանլըքում ու բազմաթիվ թաղամասերում խնձորենու առնվազն 14 տեսակ կար, քաղաքի չորս կողմում գտնվող 24 ջրամբարների միջոցով ոռոգման հնարավորություն էր ստեղծվում, և յուրաքանչյուր տան այգում, պարտեզում ամեն տեսակի միրգ ու բանջարեղեն էր աճեցվում, իսկ այժմ Վանում բազմացել են դրսից բերվող միրգն ու բանջարեղենը: Երբ կրկին օրակարգ է բերվել Վանի բետոնապատված ու դրսից կախյալ լինելու հարցը, ևս մեկ անգամ քննարկվեցին նաև Վանի հարստությունները, անցյալում  տեղական բերքն ու այդ բերքի տեսականին։ Հին Վանը լավ ճանաչող մարդիկ այդ մասին պատմել են Շիրվանին: Ֆիդանլըքի նման թաղամասերը բետոնապատվել են, որի պատճառով խնձորենիների տեսակները վերացել են, միրգն ու բանջարեղենը դրսից են բերվում, Վանի հին օրերը հիշողները հետևյալն են ասում. «Ու՞ր է այն հին Վանը»:

Սրանից 50 տարի առաջ  «Կանաչ Վան» անունով հայտնի մեր քաղաքում ներկայում գրեթե անհնար է ինչ-որ կանաչ բան տեսնել: Հատկապես 2011 թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո  վերակառուցվող քաղաքում պարտեզ ունեցող բազմաթիվ տներ են քանդվել, նրանց փոխարեն մեծ-մեծ շենքեր են կանգնեցվել: Մի ժամանակ կանաչ Վանը ներկայում չորացած վիճակում է: Այսպես, հատկապես խնձորի տեսականիով հայտնի Ֆիդանլըքը կամ մեկ ուրիշ անվամբ Էմին փաշայի ու դրա նման բազմաթիվ թաղամասեր էլ բետոնապատման զոհը դարձան: Ամեն անցնող օրվա հետ ավելացող ասֆալտապատումը վերացրեց նաև Վանի կենտրոնում մնացած ու վերջին շունչը փչող տարածքները և տեղական մրգատու այգիները։ Վանը սկսեց դառնալ միրգ ու բանջարեղեն ներկրող քաղաք: Կորուստները թվելիս Վանի հայտնի դեմքերն ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ Վանի կարևոր արժեքները վերացման վտանգի տակ են և ասացին, որ կարոտում են նախկին Վանը:

«Վան սեսի» թերթի խմբագիր և Վանի պատմությանը քաջատեղյակ մարդկանցից մեկը՝ Իքրամ Քալին նշում է. «Հին Վանը այնպիսի քաղաք էր, որտեղ կարելի էր ապրել: Վանն իր հոգին է կորցրել, իր ինքնությունը: Այն բետոնացվեց,  հետընթաց ապրեց: Հիմա Վանը դարձել է զուտ գումար աշխատելու քաղաք: Մարդիկ շատ են փոխվել: Նախկինում վանեցիները տարբեր էին: Քաղաքը յուրատեսակ գեղեցկություն ուներ: Ամեն ինչ սիրո ու հարգանքի մթնոլորտում էր արվում: Հնում մեր պարտեզներում խնձորենիների տասնյակ ծառեր կային:  Մեր պարտեզները բոլորինն էին: Երեխաները առօրյա կյանքի մեջ էին մեծանում: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր: Ինքնության տարբերությանը կարևորություն չէր տրվում: Բոլորն իրենց վանեցի էին զգում: Այդ առումով ամեն ինչ այլ գեղեցկություն ուներ»…

Akunq.net