
Տրոյական պատերազմը և հայերը. Հայոց պատմության թաքնված էջերը
Լուսանկարը` allinnet.info
«Իլիական». Հոմերոս. Երկրորդ երգ
«…Շարժվեց բանակը և կարծես ողջ երկիրը կրակով բռնկվեց։ Հովիտը հառաչեց՝ կարծես Աստծո զայրույթով՝ տարածելով Զևսի ցասումը, երբ նա Տիֆեյաում կխարազանի հողը, Արիմների լեռներից, ում երկրի հողի տակ պառկած է կապված Տիփոնը: Այնպես խորը հառաչեց գետինն ազգերի ոտնաձայների տակ…»:
«Արիմներ»-ը ( “Arimoi”`«Արիմո») այն ժողովրդի անվանումն է, որոնց երկրի ներքևում էր գտնվում Տիփոնի (հարյուրգլխանի ահռելի հրեշ հին հունական դիցաբանության մեջ) բնակության վայրը: Ենթադրվում է, որ այդ վայրը գտնվել է Կիլիկիայի լեռներում:
Ինչպես գրում է հայ ականավոր բանասեր, լեզվաբան, հայագետ Գևորգ Ջահուկյանը` հայոց ազգածագման վերաբերյալ իր աշխատանքներով հայտնի Յոզեֆ Մարկվարտը «արմեն» ժողովրդանվան հիմքում տեսնում էր «arm»- «arim»- կամ «arum»- արմատը, որին կցվել էր ուրարտական «ini» վերջավորությունը, ինչպես օրինակ` ուրարտական «Urmeni» ձևը: «Arm» արմատը նա զուգադրում է «Իլիականում» հիշատակված Զևսի և Տիփոնի մենամարտի վայրի անվան հետ՝ «Արիմո» («εỉν ’Αρίμοις»): «Արիմո» ցեղանունը Մարկվարտը կապում է Աստվածաշնչի Արամի և ուրարտական առաջին արքա Արամոյի անունների հետ, իսկ հայ ինքնանվանումը համարում է ավելի ուշ առաջացած ձև: «Արամ»-ը, փաստորեն, դիտարկվում է որպես հայ ժողովրդի բուն ցեղանուն:
«Արմեն» անվան հնդեվրոպական ստուգաբանությունները հանգում են երկու տարբերակի`
ա) ար-մեն. այս երկու բաղադրիչներից առաջինը նշանակում է «արի», իսկ երկրորդը` «մարդ»,
բ) երկրորդ տարբերակով, որ առաջարկում է Գ. Ջահուկյանը, «արմ»-ը արմատն է, իսկ «են»-ը՝ ածանցը, և այդ «արմ»-ը նշանակում է «արմատ», «զ-արմ», «ցեղ», «սերունդ»:
Բացի այդ նշվում է, որ «Mаn» բառը ձևավորվել է պրոտո-հայկական (արիական) ՄԱՆ-ՈւԿ, ՄԱՆ-Չ բառերից, որը «մարդ» բառի ամենահին կիրառությունն է։ Բառը վերափոխվել է հին անգլիական «mann»- մարդ բառին։ «Man» բառը ձևավորվել է հնդեվրոպական «man»-(համեմատեք օրինակ սանկսրիտերեն կամ չեխերեն «mu» «մարդ, տղամարդ») արմատից։
Ավելացնենք, որ հին հայերենում պահպանվել է Մանվազ տղամարդու անունը, որն անկասկած պրոտո-գերմանական «manwaz» բառի հին տեսակն է։ Այստեղ կարելի է հիշել Հայկի նախնիներից՝ Մանվազին, ով հիշատակված է 5-րդ դարի հայ պատմիչ Մովսես Խորենացու մոտ։
Ավելին, ինչպես հայտնում է Ռազմական պատմության ֆորում կայքը, Տրոյական պատերազմին հայերի մասնակցության մասին Խորենացին հիշատակում է իր «Հայոց պատմության» մեջ: Պատմահայրը ուղղակիորեն նշում է, որ Զարմայր նահապետը մասնակցել է Տրոյական պատերազմին և զոհվել է այդ պատերազմի ժամանակ: «Զարմայր. սա Տևտամոսից օգնական ուղարկվեց Պրիամոսին եթովպական զորքի հետ և մեռավ հելենացոց քաջերից»,- հայտնում է պատմահայրը և ավելացնում. «… և մեր Զարմայրը, որ ասորեստանցիներին հպատակ էր, քիչ մարդով եթովպական զորքի հետ օգնական է եղել Պրիամոսին և այնտեղ հելենացոց քաջերից վիրավորվելով մեռնում է, բայց կկամենայի թե Աքիլլեսից և ոչ թե մի ուրիշ քաջից»:
Տրոյական պատերազմն ու Տրոյայի կործանումը, որը մոտավորապես տեղադրվում է մ.թ.ա. XII դարում, ներկայումս մասնագետների մեծամասնությունը, վերադառնալով ավանդական տեսակետին, ավելի կոնկրետացնում է համապատասխանաբար մ.թ.ա. 1190-1180 և մ.թ.ա. 1180 թվականներին: Այս տեսակետի ամենածանրակշիռ հիմնավորումներից մեկն այն է, որ Խեթական թագավորության վերջին արքա Սուպիլուլիումա II-ը, որը գահ է բարձրացել մ.թ.ա. 1190 թ-ին, գրեթե հետք չի թողել իր մասին և նրանից հետո Խեթական թագավորությունը տառացիորեն ջնջվել է պատմության թատերաբեմից: Այս հանգամանքը ներկայումս բացատրվում է մ.թ.ա. 1190 թ-ից Բալկանյան թերակղզուց ներխուժումներ սկսած այսպես կոչված «Ծովի ժողովուրդներ»-ի (միկենյան հույներ, աքայացիներ, փռյուգացիներ և այլն) մասսայական ու չտեսնված ավերիչ արշավանքով, որոնք, ըստ Եգիպտոսի փարավոն Ռամզես III-ի (մ.թ.ա. 1184-1153) «Անալներ»-ի, կործանեցին Խեթական թագավորությունը և հենց նույն ժամանակ էլ 10 տարվա պաշարումից հետո գրավեցին Տրոյան: Այսպիսով, Զարմայրի զոհվելու տարին ևս ճշգրիտ կերպով համընկնում է այն թվականի հետ, երբ ընկել է Տրոյան: Հետաքրքիր է նաև, որ ըստ Մխիթար Այրիվանցու, Զարմայրը իշխում էր այն ժամանակ, երբ ընկավ Տրոյան, իսկ. «Հռոմեացիների վրա թագավորեց Էնեյոսը (Էնեյոս (մ.թ.ա. 1179-1176) – Մ.Հ.)»: