Մադրիդը Կատալոնիային առաջարկում է հանրաքվե անցկացնել

Լուսանկարը` n-w.tv

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը սեպտեմբերի 3-ին Cadena Ser ռադիոկայանին տված հարցազրույցում առաջարկել է Կատալոնիայում նոր հանրաքվե անցկացնել ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է ինքնավարության կարգավիճակի հստակեցմանը և ոչ թե անկախացման հանրաքվեին։

Վարչապետը պարզաբանել է, որ այժմ Կատալոնիան իսպանական թագավորության միակ տարածքն է, որի կարգավիճակն ընդունվել է առանց քաղաքացիների համաձայնության։ «Կատալոնիան ունի կարգավիճակ, որի համար չի քվեարկել»,- նշել է Սանչեսը։ Խնդիրն այն է, որ 2006թ․-ին Իսպանիան և Կատալոնիան համաձայնության են եկել Կատալոնիայի ինքնավարության պայմանների շուրջ՝ ընդլայնելով վերջինիս լիազորությունները։ Համաձայնագիրը դրվել է հանրաքվեի, և կատալոնացիների 70 տոկոսից ավելին կողմ է արտահայտվել դրան, սակայն 2010թ․-ին Իսպանիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է համաձայնագրի որոշ դրույթներ։ Արդյունքում, այսօր գործող ինքնավարության պայմանները չեն համապատասխանում նրանց, որոնց կողմ են քվեարկել կատալոնացիները։

Այժմ Իսպանիայի վարչապետն առաջարկում է նոր հանրաքվեով հստակեցնել Կատալոնիայի ինքնավարության պայմանները։ Միաժամանակ, նա նշել է, որ խոսքը չի կարող գնալ անկախացման հանրաքվեի մասին, հակառակ դեպքում՝ կրկին կարող է ուժի մեջ մտնել Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որով 2017թ․-ի հոկտեմբերի 1-ի անկախացման հանրաքվեից հետո իսպանական իշխանություններն ուղիղ կառավարում մտցրեցին Կատալոնիայում։ Ուղիղ կառավարումը չեղարկվեց միայն Կատալոնիայում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելուց հետո։

Ինչ վերաբերում է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին, ապա Կատալոնիայի հետ երկխոսությունը կարգավորելը եղել է նրա նախընտրական խոստումներից մեկը։ Նախկին վարչապետ Ռախոյի կոշտ դիրքորոշումից հետո Սանչեսը խոստացել էր երկխոսություն հաստատել Կատալոնիայի հետ և հարթել իրավիճակը։ Այժմ ինքնավարության նոր պայմանների ամրագրմամբ ու հանրաքվեի անցկացմամբ Իսպանիայի վարչապետը հույս ունի, մի կողմից՝ երկխոսություն հաստատել կատալոնական իշխանությունների հետ և կառուցողական հուն բերել հարաբերությունները, մյուս կողմից՝ առնվազն որոշ ժամանակով կանխել անկախացման նոր շարժումները։

Կատալոնիայի հանդեպ Սանչեսի նման «շռայլ» քայլը բացատրվում է նաև նրանով, որ նա փոքրամասնության կառավարության ղեկավար է և Կոնգրեսում կախման մեջ է գտնվում մի շարք ուժերից, այդ թվում Կատալոնիայի ձախ հանրապետականներից։