Ադրբեջանցի իրավապաշտպանի` հայերի հետ ունեցած ընթրիքը զայրույթ է առաջացրել Ադրբեջանում

Վարշավայում սեպտեմբերի 10-ից մեկնարկած ԵԱՀԿ մարդու իրավունքների, օրենքի գերակայության ու ժողովրդավարության վերաբերյալ տարեկան համաժողովին մասնակցել է նաև ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները:

Մշտապես ալիևյան ռեժիմի քննադատությամբ աչքի ընկնող Հուսեյնովը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, խորհրդակցություններ ունեցել հայկական հասարակական կազմակերպությունների հետ:

Հանդիպումներից հետո ադրբեջանցի իրավապաշտպանը հայերի հետ ճաշել է Վարշավայում գտնվող Golden Apricot ռեստորանում, որը հայերի սիրելի վայրն է:

Իրավապաշտպանի` հայերի հետ ունեցած ընթրիքը զայրույթ է առաջացրել Ադրբեջանի իշխանական և հասարակական շրջանակներում, ինչն իր արտահայտությունն է գտել մամուլում:

Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է, որ միջազգային ամբիոններում ադրբեջանական իշխանությունների կողմից քարոզվող «հանդուրժողականությունն» ամբողջությամբ կեղծիք է: