Հայաստանի օդանավակայաններից մեկն առաջարկում են անվանափոխել ի պատիվ Ազնավուրի

Լուսանկարը` Francis Tsang/Getty Images

Հայաստանում առաջարկում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը անվանափոխել ի պատիվ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի։ Այս գաղափարը հնչեցրել է սփյուռքի նախարարի նախկին խորհրդական Վրույր Փենեսյանը։

«Առաջարկվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի նոր մասնաշենքը անվանափոխել հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: Վստահ եմ, որ այս միտքը, ողջունելի կլինի ոչ միայն համայն հայության կողմից, այլ նաև՝ ողջ աշխարհի»,- Facebook-ի իր էջում գրել է Փենեսյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Կան նաև մարդիկ, որոնք առաջարկում են մաեստրոյի պատվին անվանափոխել Գյումրու «Շիրակ» օդանավակայանը։ Նրանք ստորագրահավաք են սկսել change.org կայքում։

«Անվանելով Գյումրու օդանավակայանը «Շառլ Ազնավուր»` կհավերժացնենք նրա անունը և նոր ճիգ կտանք Շիրակի տարածաշրջանի զարգացմանը, որի վերականգնման համար մեծ ջանքեր դրել էր հենց ինքը` Ազնավուրը»,- գրել են ստորագրահավաքի հեղինակները։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Ազնավուրի պատվին անվափոխելու ստորագրահավաքի համար այցելեք` այստեղ: