Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար է ընտրվել Ռուանդայի ԱԳ նախարար Լուիս Մուշիկիվաբոն

Հոկտեմբերի 12-ին Հայաստանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար է ընտրվել Ռուանդայի ԱԳ նախարար Լուիս Մուշիկիվաբոն:

Նշենք, որ հոկտեմբերի 11-ին Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը կավարտվի այսօր` փակման նստաշրջանով:

Գագաթաժողովի հոկտեմբերի 12-ի օրակարգով նախատեսված է Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարի զեկույցը: Կկայանան հայտարարություններ, բանաձևերի և գագաթնաժողովի այլ փաստաթղթեր կընդունվեն:

Օրն ու ամբողջ գագաթնաժողովը կամփոփվի եզրափակիչ մամուլի ասուլիսով:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթաժողովին մասնակցում է 38 երկրի ղեկավար:

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահությունը Մադագասկարից 2 տարով փոխանցվեց Հայաստանին:

Այսօր գագաթնաժողովի մասնակիցների կողմից հաստատվեց, որ Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա Թունիսում 2020 թվականին:

Գագաթաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։